Ի՞նչն է Արսեն Թորոսյանի «արձակուրդի պատճառը». արդյո՞ք ոչ ԿԳՄՍ նախարարի հրամանը

Երեկ, օգոստոսի 26-ին մամուլը բազմիցս և ամենատարբեր շերտերով փորձեց վերլուծել ու ենթադրություններ անել Առողջապահության նախարարի՝ արձակուրդ մեկնելու ժամկետների և այդ արձակուրդից բարեհաջեղ վերադառնալու հնարավորությունների մասին: Բայց… Արդյո՞ք Արսեն Թորոսյանն է լքել մարտի դաշտը, ինչպես գրում է «Ժողովուրդը», թե՞ այստեղ ինչ-որ անուղղակի կամ նույնիսկ ուղիղ կապ կա սեպտեմբերի 15-ին դպրոցները վերաբացելու՝ ԿԳՄՍ նախարարի հրամանի հետ: Արդյո՞ք երկու իմքայլական նախարարների միջև հակասությունների պատկերն է արտացոլվում այս «առայժմ արձակուրդի» տրամաբանության մեջ, թե՞ Արսեն Թորոսյանին պարտադրվել է համաձայնվել մի որոշման հետ, որի տրամաբանությունը նա չէր կիսում, և արձակուրդը գալիս է լրացնելու այդ վակուումը: Այս հրամանի առնչությամբ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն ընդգծեց.երեխաները թեև հիվանդությունը թեթև են տանում, այդուհանդերձ. «Նրանք շատ վտանգավոր են իրենց ընտանիքի տարեց անդամների համար, քանի որ վարակի փոխանցման տեսանկյունից նրանք մեծ աղբյուր են»: Այս համապատկերում հիշենք նաև մեկ այլ հրաժարականի մասին. օրեր առաջ ՝ օգոստոսի 18-ին, իր լիազորությունները վայր դրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: Հետաքրքիր է՝ իրադարձությունների այս ընթացքն էլ պատճառահետևանքային տրամաբանության մե՞ջ է, թե՞ ԿԳՄՍ նախարարի ասած՝ խավարամիտների բանակի հոռետեսական տրամադրությունների… կամ դավադրապաշտական տեսությունների:

Հայկանուշ Գրիգորյան