Այսօր երազում եմ մինչև նոյեմբերի 9-ը ունեցած Հայաստանի մասին

 

Արթուր Խաչատրյան՝  ռուս-հայկական հասարակական գործիչ,  Կամչատկայի երկրամասում  Ռուսաստանի հայերի միության նախագահ,  <<Բրիքս ինթերնեյշնլ ֆորում>> ընկերության փոխնախագահ

Պարոն Խաչատրյան,  2020թ. սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմը  մեզնից խլեց մեր հայրենիքի մի մասը, և  այսօր՝ հետպատերազմյան ժամանակահատվածում, մենք փորձում ենք վերլուծել, հասկանալ, թե ինչու այսպիսի ծանր կորուստներ կրեցինք: Ինչպիսի՞ն է Ձեր վերլուծությունը:

Նախ ուզում եմ նշել, որ 2020թ. շատ ծանր տարի էր հայերիս համար, պատերազմը մեզ մեծ կորուստներ պատճառեց, որոնց պատճառներն առանձին ուսումնասիրությունների  և վերլուծությունների կարիք ունեն:  Մի բան ակնհայտ է, որ մեր պարտությունը ՀՀ կառավարության ոչ ճիշտ աշխատանքի արդյունք է, մասնավորապես՝  ռազմական գործողությունների  ղեկավարման առումով: Այդ եզրակացության եմ եկել՝ հիմնվելով գեներալների, գնդապետների պաշտոնական հայտարարությունների,  ռազմի դաշտում տեղի  ունեցած իրողությունների վրա: Երեսուն տարի՝ նախկին ղեկավարների օրոք,  Ադրբեջանը երազել է հարձակվել և հաղթել, բայց չի համարձակվել գնալ այդ քայլին, նորերի ժամանակ ես տեսա, որ ադրբեջանցիները ոչ  թե ռիսկ արեցին հարձակվել, այլ ռիսկ արեցին թուրքերին, վարձկան ահաբեկիչներին  էլ ներգրավել պատերազմում ու  44 օր ռմբակոծել Ստեփանակերտը  արգելված զինատեսակներով և վստահ լինել, որ ամբողջ աշխարհն իրեն չի կարող դատապարտել:

Մեր ծանր կորուստների պատճառներից մեկն էլ այն է, որ  պետությունը միշտ խաբել է ժողովրդին, այնինչ  պարտավոր էր բաց տեքստով խոսել նրա հետ,  չթաքցնել իրականությունը ու թող ժողովուրդն ինքը որոշեր իր և իր հայրենիքի ճակատագիրը: Այնինչ մենք ամեն օր պաշտոնական հայտարարություներով,  Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ լսում էինք, որ հաղթելու ենք, ոգևորվում ազգովի, մինչդեռ պատերազմի երրորդ օրն արդեն պարզ է եղել, որ պատերազմի ելքը մեր օգտին չի  լինելու: Եվ ուրեմն հարց է առաջանում՝ ինչու է ձգվել պատերազմը 44 օր, ինչու այդքան զոհեր տվեցինք, եթե,  միևնույնն է, այդ տարածքներն անցնելու էին Ադրբեջանին:  Ի՞նչ է, ձգում էին պատերազմը, որ աշխարհին ցույց տան, թե մենք չե՞նք վախենում թշնամուց կամ հույսներս դրել էինք անիրական օգնության վրա՞, թե Եվրոպան,  ԱՄՆ-ն կամ  այլ երկրների պետք է օգնության հասնեն: Գուցե, դա էր պատճառը, չգիտեմ, բայց մենք տեսանք, որ  44 երկարուձիգ օրերի ընթացքում որևէ երկիր օգնության ձեռք չմեկնեց՝ բացի Ռուսաստանից,  բավարարվելով միայն դատապարտող հայտարարություններով: 

-Ձեր ցավի մեջ նաև խորը վիրավորանք կա…

 -Այո, որովհետև երկուսուկես տարի մենք լսում էինք, որ մեր բանակը  մոդեռնիզացիայի է ենթարկվում, նորագույն ձենք և զինամթերք է ձեռքբերվում,  հզորանում է, զինվորները ապահովվում են հագուստով և սնունդով, ինչպես նաև նշում, որ մեր զինվորը դուխով է: Բայց ես ուզում եմ ասել, որ մեր զինվորը միշտ է դուխով եղել՝ անկախ այն բանից սոված է եղել, թե կուշտ: Հայ զինվորի դուխն իր նրա արյան մեջ է, նրա մարտական ոգին միշտ  բարձր է եղել:  Դա մեր ազգային նկարագիրն է:

Իհարկե, զինվորի համար կարևոր է տեսնել,  զգալ, որ իր թիկունքում պետությունն է կանգնած: Բայց մենք ամբողջ պատերազմի ընթացքում լսում էինք տարբեր, երբեմն իրար հակասող հայտարարություններ, բայց հավատում Արծրուն Հովհաննիսյանին, թե գյոռբագյոռ ենք անում Շուշիում, այնինչ մեզ էին գյոռբագյոռ անում:

Ինձ մոտ հարց է առաջանում ինչու ամբողջ աշխարհը լռեց և լռում է Ադրբեջանի կատարած բացահայտ հանցագործությունների մասին: Չէ՞ որ այդ նույն Եվրոպան խստորեն դատապարտեց  Ֆրանսիայում դասախոսի գլուխը կտրած  այլազգի աշակերտին, ով դա արել էր, քանի որ դասախոսը ծաղրել էր Ալլահին: Բայց այդ նույն Եվրոպան տեսնում է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերը, թե ինչ դաժան են վերջիններս վարվում հայ ռազմագերիների հետ, կտրում նրանց գլուխները, ու լռում է:  Դեմոկրատական որևէ երկիր  պաշտոնապես չքննադատեց Արբեջանին ռազմական հանցագործություն իրականացնելու համար: Կարծում եմ՝ դա մեր երկրի կողմից  վարված դիվանագիտական ոչ ճիշտ աշխատանքի արդյունք է նաև: Ես վստահ եմ նաև, որ մեր պարտությունը պարտադրվել է դրսի ուժերի կողմից, և դրա պատասխանատվությունը կրում են  ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի ներդրած ջանքերը հակամարտության կարգավորման գործում:

Ռուսաստանը մշտապես եղել է Հայաստանի կողքին, մեր ռազմավարական դաշնակիցն է: Այս պատերազմի ընթացքում մենք  դե ֆակտո տեսանք, որ Ադրբեջանը նպատակ ուներ ոչ միայն 7 շրջանները, այլ ողջ Արցախը գրավել: Եվ եթե չլիներ Ռուսաստանի միջամտությունը, ապա արյունահեղությունը կշարունակվեր, և մենք կկորցնեինք ողջ Արցախը և ավելի շատ զոհեր կունենայինք:  Ռուսաստանի կողմից խաղաղապահ զորքերը Արցախում տեղակայելը որոշիչ դեր ունեցավ պատերազմը կանգնեցնելու գործում: Մենք տեսանք, որ պատերազմի ընթացքում մի քանի անգամ կնքվեց հրադադարի մասին համաձայնագիր, բայց Ադրբեջանը խախտեց դրանք , և միայն խաղաղաահ զորքի տեղակայումից հետո դադարեցրեց ռազմական գործողությունները: Ճիշտ է, Արցախից  մեզ մնացած հատվածը իրավաբանորեն հաստատված չէ, քանի որ Ալիևը ասում է, թե ինքը ստատուսի մասին չի խոսել ու չի խոսի, բայց գոնե զոհեր թիվը կրճատեցինք ու պահպանեցինք Ստեփանակերտն ու մնացած տարածքները:

Ինչպիսի՞ ելք եք տեսնում առկա իրավիճակից:

Ես վստահ եմ, որ սա պատերազմի ավարտը չէ, սա նոր պատերազմի սկիզբ է: Դիվանագիտական ճանապարհով Արբեջանը մեր հողերը հետ չի վերադարձնի ու չի ճանաչի Արցախի անկախությունը: Հայաստանը ունի երկու ճանապարհ՝ կամ հանձնել Արցախը խաղաղ ճանապարհով կամ պատերազմի միջոցով հետ բերել կորցրած տարածքները,  Շուշին՝ առաջնահերթ:

Մենք պետք է հնարավորինս  հզոր պետություն կառուցենք և վերականգնենք պատմական արդարությունը:

Ըստ որոշ վերլուծաբանների՝ վերջին տարիներին ՀայաստանՌուսաստան փոխհարաբերությունները նախկին բարձր մակարդակը չունեն, Դուք նման բան նկատե՞լ եք:

Պետք է նշեմ, որ Ռուսաստանը  քաղաքակիրթ  երկիր է և վարում է ճիշտ դիվանագիտական աշխատանք,  որն իրականացվում է պրոֆեսիոնալների կողմից: Ու եթե անգամ նման բան կա, ապա հասարակությունն այդ մասին չի իմանա: Բայց երբ հետադարձ հայացք ենք ձգում ոչ հեռավոր անցյալ, ապա տեսնում ենք, որ նախկինում  Թուրքիան ավելորդ անգամ ռիսկ չէր անում խառնվել հայադրբեջանական խնդիրներին, բացահայտ ներգրավվածություն ունենալ դրանցում, բայց վերջին 2.5 տարվա ընթացքում Էրդողանը որոշեց, որ Ալիևը իր փոքր եղբայրն է ու պետք է օգնի նրան: Այդ երկու պետությունը միշտ էլ եղբայրներ են եղել, բայց ինչու որոշեցին հիմա ի ցույց դնել իրենց եղբայրությունը ու իրար հետ կռվել ընդդեմ Արցախի ու Հայաստանի: Ինչո՞ւ նախկինում դա չէին անում. այս հարցն ունի պարզ պատասխան՝ որովհետև գիտեին, որ  Հայաստանի թիկունքում կանգնած է այլ պետություն, որը կարող է խառնվել ու այնպես անել, որ իրենց համար շատշատ ցավալի հետևանքներ լինեն: Այստեղից էլ կարելի է հետևություններ անել…

Մի բան կավելացնեմ միայն, որ  ես ոչ ՀՀ հին ղեկավարների և ոչ էլ նորերի երկրպագուն չեմ, բոլորն էլ սխալներ թույլ տվել են,  ինձ համար ամենակարևորն այն է, որ  իմ հայրենիքից ոչ մի թիզ  հող  չպակասի, բայց ես արձանագրում եմ մի փաստ՝ մենք 1990-ականներից սկսած հաղթել ենք ու հաղթելով գնացել  առաջ,  և ուրեմն ասեք՝ ինչպես հարգեմ նորերին, որոնց ժամանակ մեր պատմական հայրենիքի մի մասը կորցրինք:  Ես հներին ճանաչում եմ հող բերող թիմ, իսկ ներկաներին հող տվող թիմ, այլ տարբերակ չկա:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա մակարդակը. մեր պետության և Սփյուռքի հայկական կազմակերպությունների հարաբերությունների ու շփումների գործընթացը բավարարո՞ւմ է Ձեզ՝ որպես հայկական համայնքային կառույց ղեկավարի:

Կարող եմ վստահորեն արձանագրել, որ ներկայում Հայաստան-Սփյուռք համագործակցություն և շփումներ գրեթե գոյություն չունեն: Շատ է խոսվել այս հարցի շուրջ: Մինչև 2018 թվականը, ոչ միայն մենք, այլ սփյուռքի բազմաթիվ կառույցներ ամենօրյա ռեժիմով շփվել են Հայաստանի սփյուռքի նախարարության հետ, իրականացվել են բազմաթիվ կրթական, մշակութային և այլ ծրագրեր, լուծվում էին խնդիրներ՝ ինչպես առանձին անհատների, այնպես էլ միջպետական մակարդակով:  

Այս կառավարության՝ իշխանության գալուց հետո համագործակցությունը աստիճանաբար մարեց: Ես այն տպավորությունն ունեմ, որ կարծես դա ծրագիր լիներ՝ կտրել կապերը Սփյուռքի հետ: Աշխատանքից ազատվեցին նախարարության բանիմաց և գրագետ աշխատակիցները, որոնց հետ, ի դեպ, մինչև հիմա շփումներ կան, և ի վերջո, այդ բազմաֆունկցիոնալ, աշխատող գերատեսչությունը վերածվեց մի անհասկանալի գրասենյակի, որը չգիտես ինչով է զբաղվում, և չգիտես ովքեր են այնտեղ աշխատում:

Մի հարց էլ ես եմ ուզում տալ: Կարո՞ղ եք պատկերացնել, որ Ադրբեջանը երբևէ մտածի իր պետական նավթային ընկերությունը կազմալուծելու մասին: Վստահաբար կասեք՝ ոչ: Ես էլ եմ այդպես կարծում: Չէ՞ որ Ադրբեջանը գիտի, որ դա իր հաղթաթուղթն է, իր հզորության գրավականը: Հայկական սփյուռքն էլ մեր երկրի ուժն էր: Այդ դեպքում մենք ինչո՞ւ փոշիացրինք այն:

 Ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:

Այսօր երազում եմ մինչև  նոյեմբերի  9-ը ունեցած Հայաստանի մասին: Իսկ մինչև պատերազմի սկսվելըերազում էի Արցախի անկախության և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին:  Կարծում եմ՝ սա ողջ հայության երազանքն է, որը, վստահ եմ, անպայման կկատարվի:

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի