«Դիվիզի» . համերգ՝ նվիրված Գագիկ Խաչատուրյանին

«Դիվիզի» Արվեստների սինթեզ մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված համերգը Կամերային երաժշտության ազգային կենտրոնում առանձնահատուկ էր ոչ միայն իր խորագրով՝ «Ընկերոջս», այլև խորհրդով: Այն նվիրված էր «Դիվիզի» երգչախմբի անդամ, ԵՊԿ ուսանող Գագիկ Խաչատուրյանին, ով երաժշտագետ Օլյա Նուրիջանյանի բնութագրմամբ՝ «Կոնսերվատորիայի նոր ժամանակի պատմության մեջ մնաց որպես ամենաբոսոր ուսանող»: Եվ… «Ոչ այն պատճառով, որ Կարմիր դիպլոմով ավարտած ամենահիշվող ուսանողն էր, այլ որովհետև Կոնսերվատորիայով քայլող այդպիսի մարդն էր նա՝ ընդգծված… Կոնսերվատորիայի Հավերժ մագիստրոսը և արվեստով ապրող զինվորը…»:
ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող էր Գագիկ Խաչատուրյանը, երբ 2019թ զորակոչվեց բանակ: Ծառայում էր Մեխակավանում: Վառ, առանձնահատուկ նրա անհատականությունը հայրենիքի և ապագայի համար մեծ նախագծեր ու ներուժ ուներ: Բայց պատերազմի ավարտից հինգ ամիս անց հայտնաբերվեց նրա աճյունը…
…Եվ այդ օրը Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կայացած համերգը յուրովի ի մի էր բերում նրա անցած կարճ, բայց այնքան երկար ու գունեղ ընթացքը՝ արարող, ապրեցնող, տրամադրություն ստեղծող…
Համերգը սկսվեց սոպրանո Հեղինե Խաչատրյանի ելույթով՝ Գագիկի ամենասիրելի ստեղծագործության՝ Կոնստանտին Պետրոսյանի «Վոկալիզ»-ի կատարմամբ, որը մինև զորակոչվելը նրանք երգում էին միասին՝ դուետով: Հուզումը մեկին էր. հուզված էին և մեներգչուհին, և համերգի մասնակիցները, և հանդիսատեսը:
Խորհրդանշական էր համերգի նախաձեռնող, Հայաստանի «Դիվիզի» երգչախմբի և Ալ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ավագ և միջին երգչախմբերի գեղարվեստական ղեկավար և խմբավար, «Դիվիզի» արվեստների սինթեզ հ/կ նախագահ, Մարինե Ալավերդյանի խնդրանք-հորդորը՝ այդ օրվա բոլոր ծափերը՝ Գագիկին:

Համերգի ընթացքում ելույթներով հանդես եկան դաշնակահար Ադրինե Կարասեֆերյանը՝ Կոմիտաս-Անդրեասյան-«Գարուն ա», Հայաստանի «Դիվիզի» երգչախումբը, Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ավագ և միջին երգչախմբերը:
Հնչեցին նաև Գագիկի մարտական ընկերոջ՝ Նարեկ Խաչատրյանի՝ նրան ձոնված բանաստեղծությունը և Մարինե Ալավերդյանի հեղինակած երգչախմբային վոկալիզը՝ էլի նվիրված Գագիկին: Նրա խոսքով՝«Գագիկը ուղղակի երգիչ չէր մեր երգչախմբում: Նա այն մարդն էր, ով իր ներկայությամբ գույն էր բերում, տրամադրություն էր ստեղծում, հետաքրքրվում էր երգչախմբի խնդիրների մասին, փորձում էր ձեռնարկել միջոցներ, լուծման եղանակներ էր առաջարկում՝ հավատարիմ մնալով իր անձնվեր և սրտացավ բնավորությանը:Եվ պարզապես անփոխարինելի ԸՆԿԵՐ: Մենք իրեն շատ ենք կարոտում»:

Նոր ձևավորված երեք երգչախբերի կողմից ընդամենը մեկ ամսում պատրաստված ծրագրի իրականացումը, «Դիվիզի» երգչախմբի կողմից հիմնականում Գագիկի հետ երգած երգացանկից կատարումները և երաժշտական դպրոցի սաների ներգրավումը ամբողջացնում էին տաղանդավոր արվեստագետի, հայրենասեր զինվորի, ընկերոջ, ստեղծագործողի, մարդու նրա կերպարը և այն, ինչ անում է նա այսօր՝ իր չապրած տարիների մեջ դաստիարակելով, սովորեցնելով հայ և արվեստագետ ապրելու կերպը: .
..Եվ այդ օրը Գագիկինն էին Կամերայինի բոլոր ծափերն ու ծաղիկները, բոլոր խոսքերը նրա մասին էին, նա բոլորի սրտում էր և դահլիճում, այն դահլիճում, որտեղ ամեն ինչ հագեցած էր նրա հավերժ ներկայությամբ:

Հայկանուշ Գրիգորյան