Պատրաստ ենք նոր միջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ, եթե էսկալացիան շարունակվի. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է նոր պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե վերջինս շարունակի ընթանալ էսկալացիայի ուղով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ամեն ինչ ասվել է ամերիկացիների վերջին ոչ բարեկամական քայլերին մեր արձագանքում: Մենք հայտարարել ենք բոլոր միջոցառումների մասին, որոնք ընդունել ենք և դեռ պատրաստ ենք ընդունել, եթե էսկալացիան շարունակվի»,- ասել է նախարարը:

Լավրովը միևնույն ժամանակ նշել է, որ Մոսկվան դրական է արձագանքել Վաշինգտոնի առաջարկին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման վերաբերյալ և այժմ ուսումնասիրում է այդ հավանականությունը:

Պուտինի հետ հանդիպում անցկացնելու ցանկություն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել էր ապրիլի 15-ին վերջինիս հետ տեղի ունեցած հեռախոսազրույցում: Բայդենն առաջարկել էր գագաթնաժողով անցկացնել Եվրոպայում ամռանը:

Ռուս-ամերիկյան հարաբերությունները սրվել են ԱՄՆ նախագահի հարցազրույցից հետո, որի ժամանակ վերջինս իր ռուս պաշտոնակցին «մարդասպան» էր անվանել՝ նշելով, որ «պատասխան է տալու» ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար: Այնուհետև Պուտինի հետ հանդիպելու ցանկություն հայտնելուց ժամեր անց Բայդենը հրամանագիր է ստորագրել Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: