Երեւանի պետական համալսարանում անկառավարելի վիճակ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի պետական համալսարանում անկառավարելի վիճակ է. համալսարանն առայսօր հոգաբարձուների խորհուրդ չունի, իսկ մարտի 23-ից անորոշ ժամկետով հետաձգված ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը մնում է առկախ, քանի որ հենց ԵՊՀ խորհուրդն է ռեկտոր ընտրում: Այսինքն՝ այս պահի դրությամբ Երեւանի պետական համալսարանը չունի խորհուրդ, խորհրդի նախագահ եւ ռեկտոր: Ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը հրաժարվեց ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ապրիլի 23-ին: Եվ, ահա, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հայտնվել է խնդրի առջեւ, քանի որ իր ծրագիրը չի կատարվել:

Բանն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախարար Դումանյանը մտածել է, թե կկարողանա «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ստորագրել տա: Այդ դեպքում նախարարը կկարողանար Երեւանի պետական համալսարան ուղարկել իր մարդկանց (խոսքը խորհրդի անդամների մասին է), որոնք կառավարելի կլինեին եւ կկարողանային իրենց սրտով ԵՊՀ ռեկտոր ընտրել: Սակայն ԵՊՀ-ում կան ուժեր, որոնք Վահրամ Դումանյանի դեմ են աշխատում եւ չեն ցանկանում որեւէ կերպ նրան ռեկտորի պաշտոնում տեսնել։ Այն մարդիկ, որոնք վստահում էին նախկին պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին, պարզվում է, վերջինս խաղերի մեջ է: Եվ, ահա, ԵՊՀ-ում անիշխանություն է տիրում։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։