Կորոնավիրուսից մահացել է Գյումրու ամենապայծառ, կոլորիտային դեմքերից մեկը

Այսօր կորոնավիրուսից մահացել է Գյումրու ամենակոլորիտային, պայծառ դեմքերից մեկը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը։ Նա երկար ժամանակ գլխավորել է Լենինականի, այնուհետ Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի պետի պաշտոնը, 2018 թվականից էլ քաղաքապետ Սամվել Բալասանյանի խորհրդականն էր։ Հասմիկ Կիրակոսյանը Գյումրու պատվավոր քաղաքացի էր․ նա իր ճոխ բառապաշարով, անզուգական հումորով զարդարում էր բոլոր միջոցառումները, դյութում ներկաներին, նրանից հետո ելույթ ունենալն անիմաստ էր, կարելի է ասել՝ ռիսկի հարց էր։ Նույնիսկ մի անգամ իր խոսքով այնպես էր հմայել գործարարների հետ հանդիպումից հոգնած նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, որ վերջինս չէր կարողանում զսպել իր զարմանքը, հիացմունքը։ Նախկին վարչապետն այդ ժամանակ խոստովանեց, որ այդ ծանր հանդիպումը պետք էր սկսել մշակույթի մասին ելույթը լսելով։ Հասմիկ Կիրակոսյանն իր անձը նույնացրել էր Գյումրու հետ․ հարազատ քաղաքի մասին խոսելիս՝ չէր կարողանում զսպել արցունքները: