Մեղրիի նախկին քաղաքապետի մասով որոշումը կվիճարկվի

Փաստաբան Երեմ Սարգսյանն իր էջում գրել է.

«Տեղեկացում Մխիթար Զաքարյանի նկատմամբ պետական մարմինների ակնհայտ ապօրինի համագործակցված գործողությունների մասին!!!

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ժամը 17։15-ին Ագարակի ոստիկանությունը Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին Ագարակում ծանուցում է հանձնել այն մասին, որ ժամը 20։00-ին Երևան քաղաքում տեղի է ունենալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որում պետք է քննարկի նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը։
Ակնհայտ էր, որ  իրավասու պետական մարմինները ձևական ծանուցում էին իրականացրել, քանզի դժվար է պատկերացնել, որ այդ մարմինների պաշտոնատար անձինք չեն գիտակցում, որ  անհնար է 3,5 ժամում Ագարակից հասնել Երևան և մասնակցել այդ նիստին։

Այս մասին Մխիթար Զաքարյանը դիմումով հայտնել է նաև ԿԸՀ-ին և խնդրել է նիստը հետաձգել ողջամիտ ժամանակով, որպեսզի կարողանա մասնակցել դրան և իրացնել իր իրավունքները։
Երեկ երեկոյան ԿԸՀ-ն որոշել է հետաձգել նիստը և նշանակել այսօր՝ կիրակի առավոտյան՝ ժամը 08։30-ին (շատ են շտապում)։

Չհաշված այն հանգամանքը, որ այդ գիշերային ժամերին պետք է մոտ 6-7 ժամ ճանապարհ գար, Մխիթար Զաքարյանն, այնուամենայնիվ, ուղևորվել է դեպի Երևան, որպեսզի մասնակցի այդ նիստին։
Ընդ որում, գիշերային ժամ լինելու պատճառով շրջանցել է Կապան-Գորիս ճանապարհը, քանի որ դրա մի մասը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո և գիշերային ժամին այդտեղով երթևեկելը վտանգավոր է, ուստի Երևան է ուղևորվել այլընտրանքային ճանապարհով, որը ոչ բարվոք վիճակում է և որի պատճառով էլ ավտոմեքենայի անվադողը վնասվել էր և առանց վերանորոգման անհնար էր ճանապարհը շարունակելը։
Գիշերային ժամին վնասված անվադողի վերանորոգման համար անհրաժեշտ ժամանակի պատճառով ակնհայտ է եղել, որ Մխիթար Զաքարյանն օբյեկտիվ և հարգելի պատճառներով չի կարող նախատեսված ժամին լինել Երևանում, ուստի ժամը 08։04-ին, 08։08-ին, 08։11-ին և 08։27-ին վերը նշվածի վերաբերյալ բարեխղճորեն դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով ընդամենը մի քանի ժամով հետաձգել նիստը, քանի որ  ցանկանում է անձամբ ներկա գտնվել դրան, ծանոթանալ ներկայացված փաստաթղթերին, ներկայացնել համապատասխան բացատրություններ և հակափաստարկներ, որոնք վստահ է, որ վճռորոշ նշանակություն կունենան ԿԸՀ որոշման համար, ինչպես նաև ներկայացնել իր հակափաստարկները հիմնավորող անհերքելի ապացույցներ։

Ընդ որում, դիմումը «ՇՏԱՊ!!!» գրառմամբ ուղարկվել է հնարավոր բոլոր եղանակներով՝ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով, ԿԸՀ էլեկտրոնային [email protected] փոստին, ԿԸՀ նախագահի էլեկտրոնային [email protected] փոստին և ԿԸՀ ֆեյսբուքյան էջին։