Արթուր Դավթյանն ապօրինի հարստացման գործերով քննությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հանձնարարություններ է տվել

Նման անհամապատասխանություն հայտնաբերելու եղանակ է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիր չներկայացնելու կամ ներկայացված հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու և/կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հանգամանքը պարզելը: Այսինքն, որպես կանոն, ապօրինի հարստացման հանցակազմի առերևույթ առկայությունը ենթադրում է նաև հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հանցակազմերի առկայություն:

Հաշվի առնելով ապօրինի հարստացման դեմ քրեաիրավական պայքարի ուժեղացման անհրաժեշտությունը, դրա նշանակությունը սոցիալական արդարության տեսանկյունից՝ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ դատախազության համապատասխան բոլոր ստորաբաժանումներին տվել է նշված հանցատեսակներով քննության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարականներ: Մասնավորապես, հայտարարագրերում թերի կամ կեղծ տվյալների ներկայացման մեջ դիտավորության առկայության հանգամանքը պարզելու նպատակով խնդիր է դրվել պարտադիր քննության առարկա դարձնել չհայտարարագրված անշարժ գույքերի կադաստրային գործերը, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել համապատասխան գույքի համար հարկերի վճարման հաճախականությունը, վճարումներ կատարած անձանց, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել թանկարժեք կամ հայտարարագրման ենթակա այլ շարժական գույքի ձեռքբերման և օտարման փաստաթղթերը հայտնաբերելու և քննության առարկա դարձնելու ուղղությամբ:

Բացի այդ, նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 3143-րդ հոդվածով որակյալ հանցակազմի համար պատասխանատվություն է նախատեսում առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրման համար, գույքի արժեքի հետ կապված մեկնաբանելիությունից և շահարկումներից խուսափելու նպատակով խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել յուրաքանչյուր դեպքում գույքի արժեքը որոշելու նպատակով նշանակել դատաապրանքագիտական փորձաքննություն:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց առնչվող հանցագործության յուրաքանչյուր դեպքով ապահովել, որպեսզի պատշաճ քննության առարկա դարձվի նրանց կողմից ներկայացված հայտարարագրերը, միջոցներ ձեռնարկվեն նշված սուբյեկտների փաստացի ունեցած գույքի, եկամտի իրական չափը պարզելու ուղղությամբ: Իսկ անհամապատասխանություն հայտնաբերելիս՝ բավարար հիմքերի առկայության դեպքում հարուցել քրեական գործ կամ ձեռք բերված նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ ՀՔԾ-ին քրեական վարույթ հարուցելու հանձնարարություն տալու համար: