Հավատարիմ ազգային երաժշտության ակունքներին

«Զատիկ» երգի մանկական համույթի սաների տարեվերջյան համերգը ուսումնական տարվա գեղեցիկ ու ներդաշնակ աշխատանքի յուրատեսակ հաշվետվություն էր: Համերգը մեկնարկեց «Հայր մեր»-ի երաժշտական կատարմամբ: Փոքրիկների շուրթերից հնչող աղոթք-երգը երիցս խորհրդավոր էր Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու կամարների ներքո: Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, հայ երաժշտության մյուս դասականների, ինչպես նաև համույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Լիլիթ Համբարձումյանի ստեղծագործություններից: Կոմիտասի «Կաքավիկը» երգչախմբի սաների կատարմամբ, ինչպես նաև ընտրված երգացանկը, կատարումների անմիջականությունն ու հավատարմությունը ազգային երաժշտության ակունքներին մեկ անգամ ևս հաստատում էին, որ երեխաներին մատուցվում և ուսուցանվում են հայ ժողովրդական երգի լավագույն նմուշներ, որ նրանց երաժշտական կրթությունը գտնվում է հուսալի ձեռքերում: Փոքրիկները մեծ ոգևորությամբ կատարեցին նաև իրենց սիրելի ուսուցչուհու՝ Լիլիթ Համբարձումյանի «Երևան», «Քո ծնունդը շնորհավոր»,xtOqyri9 «Ես հայ եմ» երգերը, որոնցից յուրաքանչյուրը հայրենասիրության, հայրենական արժեքներին հավատարմության ու հայրենադաստիարակության յուրահատուկ դաս էր թե երեխաների և թե ունկնդիրների համար։ Լիլիթ Համբարձումյանին ուղղված ջերմ ծափողջունները, ինչպես նաև ոգեղենությունն ու հպարտությունը փոքրիկների գեղեցիկ աչիկներում երգի կատարման ժամանակ ուսուցչուհու, ստեղծագործողի, մանկավարժի, գեղարվեստական ղեկավարի նրա լավագույն գնահատականն էին։ Ծնողները նաև իրենց երախտիքի խոսքն ուղղեցին երգչախմբի գեղարվեստական ղեկավարին։ Լիլիթ Համբարձումյանն էլ իր հերթին շնորհակալության խոսք ուղղեց Սուրբ Երրորդություն եկեղեցուն «Զատիկ»-ի սաների պարապմունքները եկեղեցում կազմակերպելու հնարավորության համար: Վերջում Լիլիթ Համբարձումյանը գեղեցիկ անակնկալ մատուցեց իր սաներին. երեխաները ստացան պատվոգրեր և խորհրդանշական հուշանվերներ: Ակտիվ ծնողները ևս պարգևատրվեցին: Ներկաները հեռացան՝ իրենց հետ տանելով հոգեպարար երաժշտության հնչյուններն ու հաջորդ համերգին սպասելու անհամբերությունը։
Լիանա Մամյան