Հարազատ դպրոցում հերոսի հիշատակը հավերժացնող դասասենյակ անվանակոչվեց

Ոգեղեն խորհուրդ ուներ այդ օրվա լռությունը Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թիվ 2  հիմնական դպրոցում…Լռությունը խոսուն էր, իսկ ոգեղեն խորհուրդը՝ սերունդների երթին ուղեկից…

Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մայոր Միքայել Աթոյանի անունով։ Իր կյանքը Հայրենիքի պաշտպանությանը նվիրած մայոր Աթոյանը վերջին հինգ տարիներին ծառայում էր Տավուշի մարզի Բաղանիսի զորամասում, գումարտակի հրամանատարի տեղակալն էր։ 44-օրյա պատերազմի օրերին մայոր Աթոյանի հրամանատարության տակ եղած զորքը տեղափոխվում է Արցախ, մասնակցում հայրենիքի պաշտպանության թեժ մարտերին։ Հոկտեմբերի 20-ին մայոր Միքայել Աթոյանն ընկնում է հերոսի մահով: Քաջի աճյունը հնարավոր է դառնում հայրենի գյուղ տեղափոխել միայն դեկտեմբերի 9-ին… Մայոր Միքայել Աթոյանը իր ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ մեդալների ու պարգևների։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» երկրորդ աստիճանի շքանշանով: Կենսագրություն, որ հայրենասիրության բաց դասագիրք է: Եվ պատահական չէ, որ դպրոցում Միքայել Աթոյանի անունով դասասենյակ կոչելու արարաողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, իսկ բուն միջոցառումը յուրովի խնկարկում էր ախուրյանցի հերոսների հիշատակին. Տիգրան Համբարյան, Աշոտ Շահբազյան, Մանվել Ալեքսանյան, Գրիգոր Եղոյան, Մանուկ Թորոսյան, Միշա Հարությունյան, Լևոն Մանոյան… Անուններ, որ հավերժ ապրելու են բոլոր ճանաչողների և, առհասարակ, բոլոր հայերի սրտերում… Անուններ, որ դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Մազմանյանի նախաձեռնությամբ ու նվիրյալ ջանքերով դարձել էին յուրօրինակ ներկայացում: Դպրոցականների ներկայացրած բեմականացումը պատմություն էր հերոսների մասին, պատմություն, որ ամփոփում էր նրանց կյանքը ծննդյան օրից մինչև անմահացում: Եվ պարզապես հնարավոր չէր առանց հուզմունքի նայել ու լսել աշակերտներին, ովքեր գիտակցելով իրենց խոսքի արժեքը, պատում առ պատում ներկայացնում էին բոլոր հերոսների կենսագրությունները: Ցավ ու ափսոսանք, վիշտ ու կարոտ միախառնված հույզերի օվկիան էին ասես:

Դպրոցի տնօրեն Նարինե Մուշեղյանի խոսքով՝ մանկավարժների ու անձամբ իր համար չափազանց դժվար է եղել 44-օրյա պատերազմից հետո կրկին դասապարապմունքներին անցնելը, բայց կամաց-կամաց փորձել են ուշքի գալ կատարվածից;

-Բոլոր պատերազմներում ախուրյանցուն ծանր ճակատագիր է բաժին ընկել, և այսօր այդ ճակատագրով ու այդ ցավով ապրում ու մորմոքում ենք բոլորս: Դաժան այն օրերին, երբ դպրոց եկանք , չէինք հասկանում, թե ինչպես է հնարավոր պարապմունքները  վերսկսել. ինչպես պետք է դասավանդենք, ինչպես պետք է ապրենք՝ այդ ցավը մեր հոգում: Մեզ համար չափից դուրս դժվար էր աշխատել երեխաների հետ, բայց մեր մեջ ուժ գտանք, որպեսզի կարողանանք այդ ծանր հոգեվիճակում մեր մանկավարժական գործունեությունը ծավալել և հիշել, որ հայրենիքին անհրաժեշտ են կրթված ու գրագետ մարդիկ, գրագետ զինվորներ, որպեսզի հայ ժողովուրդը այսպիսի ծանր վիճակում էլ երբեք չհայտնվի…

Հերոս Միքայել, թույլ տվեք ասեմ՝ Միշա… Միշ ջան, լավն էիր, չափից դուրս յուրահատուկ անձնավորություն էիր: Լավ հայր, նվիրված զավակ, ընտանիքին նվիրված մարդ… Միշան շատ հաճախ էր այցելում դպրոց, և մեզ համար պատիվ էր զրուցել նրա հետ: Նույնը մեր բոլոր հերոսացած աշակերտների մասին կարող եմ ասել:  Ի խոնարհում բոլորի՝ ցանկանում եմ, որ էլ երբեք այսպիսի տղաներ չկորցնենք, և ազգը այսպիսի սգացող վիճակում չհայտնվի… Պետք է մի պահ անկեղծանամ. երբ Շուշիի ազատագրման տոնի համար միջոցառում էինք կազմակերպում, աշակերտները այս նույն զինվորական համազգեստներով այնքան ոգևորված էին, այնքան խանդավառված, բայց ես այսօր, այս պահին նույն համազգեստներով պատանյակներին տեսնում եմ կոտրված, ընկճված: Կոտրված ենք բոլորս: Ես ցանկանում եմ առաջին հերթին խաղաղություն մաղթե հայոց աշխարհիս, որ էլ նման ողբերգություն չտեսնենք ու  չապրենք: Այնքան ցավոտ ու իրարարամերժ զգացումներ եմ ունենում, երբ զոհված տղաների ծնողներն ասում են՝ թող մեր զավակը վերջին զոհը լինի: Գիտակցության մեջ տեղավորելու խոսքեր չեն որդեկորույս ծնողի այս խոսքերը: Սիրելի ծնողներ, մխիթարանքի խոսքեր չեմ գտնում, ուղղակի ձեզ ցանկանում եմ ծով համբերություն: Մենք պարտավոր ենք ձեր կողքին լինել ու ձեր ցավը կիսել: Իսկ մեր նոր անվանակոչված դասասենյակում, ցանկանում եմ, որ կրթվեն ու դաստիարակվեն մեր ապագա հերոսները, բայց ոչ՝ պատերազմի: Փառք բոլորին, մեր բոլոր զոհված տղաներին: Նրանցից յուրաքանչյուրը մի հրաշալի ընտանիքի պանծալի զավակ էր…

Դասասենյակի բացման առիթով ներկաներին երախտիքի խոսքով դիմեց նաև Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը.

-Ինձ համար միշտ ծանր է եղել արտահայտվելը, բայց նաև չեմ կարող չխոսել: Ախուրյանը մշտապես առանձնացել է իր քաջ զավակներով՝ սկսած Արցախյան գոյամարտի օրերից: Բոլորս շատ լավ հիշում ենք ողբերգական այն օրը, երբ Շուշիի ազատագրման ժամանակ միայն Ախուրյան գյուղից վեց զոհ ունեցանք: Մենք փառքով այդ վեց հերոսին ճանապարհեցինք դեպի հավերժություն: Ցավոք, Ախուրյան համայնքը անմասն չմնաց թե ապրիլյան քառօրյայի, թե 44-օրյա պատերազմի ժամանակ: Հանուն մեր երկրի անկախության ու հանուն մեր բոլորի,  մեր տղերքը ընկան, նահատակվեցին հերոսի մահով: Սա մեծ ցավ է բոլորիս համար: Մխիթարանքի խոսքեր չկան, բայց պետք է մեր հերոսածին ծնողներին ասեմ, որ, այո, ծանր է վիշտը, շատ ծանր, բայց մեր բոլորի սրտերում վառ է մեր տղաների հիշատակը: Փառք նրանց բոլորին: Բոլորիս սրբազան պարտքն է պատվով հիշել մեր հերոսներին և նրանց օրինակով դաստիրաակել մատաղ սերնդին: Դրա վառ արտահայտությունը հերոս Միքայել Աթոյանի անունով դասասենյակի անվանակոչումն է: Շնորհակալություն այս նախաձեռնության կազմակերպիչներին: Հավերժ փառք և խոնարհում բոլոր հերոսներին:

Միջացառման ավարտին մայոր Միքայել Աթոյանի առաջին դասարանցի որդին՝ Վիլյամը միջոցառման մասնակից աշակերտների հետ ճերմակ աղավնիներ բաց թողեցին դպրոցի բակում՝ ի նշան երկրի խաղաղ ապագայի: Թող այդ աղավնիները տևական խաղաղություն ավետեն մեր երկրին ու ժողովրդին…

Մելանյա Ծառուկյան