«Երքաղլույսի» լույսը կհասնի՞ «խոպանի հողեր». բնակիչները սպասում են

Օրերս Blic.am կայքի խմբագրություն էին դիմել Աջափնյակի Լուկաշին թաղամասի «խոպանի հողեր» հատվածի մի խումբ բնակիչներ: Ահազանգելով բակային գողությունների անշեղ աճի մասին թարմ տվյալներով՝ ի թիվս այլ խնդիրների, նրանք մասնավորապես առանձնացրին «խոպանի հողեր» կոչվող հատվածի փողոցային լուսավորության խնդիրը, որի լուծումը, նրանց համոզմամբ, կնպաստի նորակառույց թաղամասում առկա բազմաթիվ այլ խնդիրների լուծմանը: Բնակիչների հավաստմամբ՝ Լուկաշինի փողոցային լուսավորության խնդրի առնչությամբ բազմիցս դիմել են պատկան մարմիններին: Այն եղել է նաև նախընտրական խոստում, սակայն առ այսօր հարցի ուղղությամբ որևէ տեղաշարժ չկա: Պարզաբանման համար դիմեցինք Աջափնյակ համայնքի ղեկավար Սասուն Մկրտումյանին, ով մեր հարցմանն ի պատասխան հաստատեց, որ խնդրին տեղյակ է, և հավելեց, որ Երևան քաղաքի ընդհանուր փողոցային լուսավորության համալիր ծրագրի շրջանակներում կդիտարկվի նաև Լուկաշինի չլուսավորվող փողոցների լուսավորության խնդիրը: Նա հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ խնդիրը կլուծվի:

Հ. Գ. Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Երքաղլույսի» տնօրեն Գալուստ Վարդանյանին հանձնարարեց հնարավորինս սեղմ ժամկետներում ամբողջական թարմացված տեղեկատվություն ներկայացնել վարչական շրջանների բակային տարածքների չլուսավորվող փողոցների վերաբերյալ։ Վերջինս էլ խնդրեց վարչական շրջանների ղեկավարներին՝ «կիլոմետրերով և, հնարավորության դեպքում, Google քարտեզներով ներկայացնել այդ հատվածները, որ ընկերությունը շատ կարճ ժամանակում մոտավոր հաշվարկ անի, թե մոտավոր ինչ գումարի մասին է խոսքը», որպեզի կարողանան ամբողջական տեղեկատվություն ներկայացնել… Բնակիչները հույսով սպասում են։

Հայկանուշ Գրիգորյան