Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին շտապ լքել Ուկրաինայի տարածքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ այս քայլը բացատրվում է «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև աճող լարվածությամբ»։
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նման կոչով դիմել է իր քաղաքացիներին։ Ավստրալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա Ուկրաինայում ստեղծված իրավիճակը «շատ վտանգավոր» է անվանել։
Նախօրեին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն առաջարկել էր, որ բոլոր ամերիկացիները լքեն Ուկրաինան առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ Այս շաբաթվա սկզբին Սպիտակ տան պաշտոնյան ասել էր, որ ԱՄՆ-ն չի ծրագրում զինվորականների օգնությամբ ամերիկացի քաղաքացիների զանգվածային տարհանումը Ուկրաինայից, իսկ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հաստատել է, որ անհրաժեշտության դեպքում Եվրոպայում ԱՄՆ-ի զինվորականները կարող են օգնել տարհանել ամերիկացի քաղաքացիներին՝ առանց ուկրաինական տարածքում հայտնվելու։