ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի ելույթը Փարիզում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում` կառավարության նախարարական համաժողովների կենտրոնում մասնակցել են «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի ամփոփիչ պլենար նիստին:

Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տեղի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

Ֆրանսիայի և Հայաստանի կառավարությունների հարգարժան անդամներ,

Սիրելի բարեկամներ,

Մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել այստեղ՝ Փարիզում, և եզրափակել Հայաստանի և Ֆրանսիայի միջև նշվող դիվանագիտական հարաբերություն-ների հաստատման 30-ամյակին նվիրված «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» համաժողովը, որը կազմակերպվել է բարեկամ Ֆրանսիայի կառավարության կողմից՝ նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո։

Այս կարևոր հոբելյանի առիթով կցանկանայի վերահաստատել, որ մեր պետությունների միջև հարաբերությունները գտնվել և գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, իսկ այս ժամանակահատվածը բնութագրվում է որպես շարունակական վերելքի, առանձնաշնորհյալ հարաբերությունների բարեկամության ու սերտ համագործակցության երեսնամյակ։

Այսօր Փարիզում, Ֆրանսիայի նախագահի, հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ, Հայաստանի ու հայ ժողովրդի անունից երախտագիտություն եմ հայտնում այս տարիների՝ բացառիկ ջերմությամբ լի հարաբերությունների ու բարեկամության համար։

Այո՛, մենք՝ հայերս, երախտապարտ ենք եղբայրական Ֆրանսիային` անցած երեսուն տարիների ընթացքում մեր հանրապետությանը ցուցաբերած անկեղծ ու անշահախնդիր աջակցության և հայ ժողովրդին ու նրա արդարացի ձգտումներին ականջալուր լինելու համար: Մենք չենք մոռանում Ֆրանսիայի` որպես առաջին երկրի կողմից Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելը ու վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանի հետ ապրիլի 24-ը պետականորեն ոգեկոչող միակ երկիր լինելու հանգամանքը։

Նախորդ երեսուն տարիների ամենակարևոր ձեռքբերումներից է նաև Հայաստանի ու Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև ձևավորված սերտ և անմիջական կապերի հաստատումն ու նորանոր ծրագրերի կյանքի կոչումը։

Մանրամասները` տեսանյութում