Էրդողանը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու Թրամփի որոշման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մեղավոր է ու պատասխանատվություն է կրում Երուսաղեմում տիրող իրավիճակի համար, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու որոշումը Թուրքիայի համար ոչինչ չի նշանակում: Այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը:

«ԱՄՆ-ն պատասխանատու է Երուսաղեմում թափվող արյան համար: Մենք երբեք չենք ընդունի այս որոշումը: Այսօր իրենց Երուսաղեմի տերն ու տիրակալը համարողները վաղն այնտեղ թաքնվելու համար գեթ մի ծառ չեն գտնի: Այս պայքարը չի ավարտվի, քանի դեռ չի վերականգնվել ազատ ու անկախ Պաղեստինի տարածքը 1967 թվականի սահմաններով», – ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, պատասխանելով Էրդողանի այն հայտարարությանը, թե Իսրայելն «ահաբեկչական պետություն է», նշել էր, որ չի պատրաստվում բարոյականության դասեր լսել մի առաջնորդից, որն իր երկրում ռմբակոծում է քրդաբնակ գյուղերը, բանտ նետում լրագրողներին, օգնում Իրանին խուսափել պատժամիջոցներից ու աջակցում ահաբեկիչներին Գազայի հատվածում: