Ռուսական ռմբակոծիչները և կործանիչները կշարունակեն «հսկել» Սիրիան

Սիրիայի տարածքից ռուսական զորքերի զգալի մասի դուրսբերման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումից հետո էլ հանրապետությունում կմնան ռուսական բազաները:

Այս մասին ՌԲԿ-ին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարեւը:

«Մենք նվազեցնում ենք Սիրիայի Արաբական Հանրապետությունում մեր ռազմական խմբավորումը, ընդ որում՝  զգալիորեն»,-պարզաբանել է նա`  նշելով, որ զորքերը ամբողջապես «դուրս չեն բերվելու»: «Հմեյմիմում կմնա մեր ավիացիան՝ ռմբակոծիչները, կործանիչները, գրոհային ինքնաթիռները, բանակային ավիացիան»,-հստակեցրել է Բոնդարեւը`հավելելով նաեւ, որ Սիրիայում կպահպանվի հակահրթիռային պաշտպանությունը, հայտնում է News.am-ը:

Զորքերի դուրսբերման որոշումը նա անվանել է «Սիրիայում պատերազմի ավարտման պաշտոնական ճանաչում»

«Մեր զինված ուժերը փայլուն կերպով լուծեցին ահաբեկիչների ոչնչացման դժվարին եւ պատասխանատու խնդիրը, նույնիսկ նախատեսված ժամանակահատվածից ավելի վաղ»,- ասել է Բոնդարեւը` նշելով, որ Մոսկվայում «շատ ուրախ են, որ Սիրիան 2018 թվական մուտք կգործի ազատ, խաղաղ երկրի կարգավիճակով»։