Արգենտինան գերազանցեց Նիդերլանդներին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի շրջանակներում Նիդերլանդներն ուժերը չափեց Արգենտինայի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի Ալ Դայեն քաղաքում կայացած քառորդ եզրափակիչ այս խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխադարձ գրոհում էին, սակայն Արգենտինայի ընտրանու գրոհներն առավել սուր էին:

Նիդերլանդների ընտրանին ևս կարողանում էր տիրել խաղային իրավիճակին` շեշտը դնելով դիրքային գրոհների վրա: Երբեմն պայքար էր ծավալվում յուրաքանչյուր փոխանցման, յուրաքանչյուր դիրքին համար:

Արգենտինայի ընտրանին օգտագործեց հակագրոհներից մեկը և, ստանալով Լիոնել Մեսիի փոխանցումը, դիպուկ հարվածով աչքի ընկավ Մոլինան: Թիմերն ընդմիջման գնացին արգենտինացիների նվազագույն առավելությամբ: Երկրորդ կեսում Նիդերլանդները ընտրանին գրոհներով չէր զիջում Արգենտինային, սակայն հարավամերիկացիները կարողացան կրկնապատկել իրենց առավելությունը 73-րդ րոպեին: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Լիոնել Մեսին:

Լիոնել Մեսին խփեց իր 10-րդ գոլն աշխարհի առաջնություններում և այդ ցուցանիշով հավասարվեց արգենտինացի լեգանդար հարձակվող Գաբրիել Բատիստուտային: Նիդերլանդներին հաջողվեց խուսափել պարտությունից խաղի հիմնական ժամանակում:

Նախ 83-րդ րոպեին, ապա ավելացված 5-րդ րոպեին Վեգհորստը երկու անգամ գրավեց Արգենտինայի դարպասը և վերականգնեց հաշվի հավասարությունը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում թիմերն ավելի շատ աչքի էին ընկնում կանոնների խախտումներով: Խաղավերջում գոլ խփելու հնարավորություն ուներ Արգենտինան, սակայն նրանց անցկացրած մի քանի վտանգավոր գրոհները գոլով չավարտվեցին։ Ամեն ինչ որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ էլ Արգենտինան ավելի դիպուկ գտնվեց և հաղթեց 4:3 հաշվով:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինան կխաղա Խորվաթիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին: