Հարցաքննվել են բազմաթիվ անձինք․ մանրամասներ Շենգավիթում հնչած կրակոցների դեպքից

Պարզվում են 2022 թ․ դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Paradise hotel հյուրանոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով կատարված սպանության և սպանության փորձի հանգամանքները:

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 2022 թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23:55-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ Երևան քաղաքի Բագրատունյաց 54 հասցեից հրազենային վիրավորում ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա և 27-ամյա երկու տղամարդ, որոնցից առաջինը, գիտակցության չգալով, մահացել է:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (սպանության հանցափորձ) 1-ին մասով, 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Որոշում է կայացվել քրեական վարույթի նախաքննությունը քննչական խմբին հանձնարարելու մասին:

Դեպքի վայր հանդիսացող Paradise hotel հյուրանոցի մոտ զննությամբ հայտնաբերվել են կրակված գնդակ, պարկուճներ, գետնին, դեպքի վայրում գտնվող ավտոմեքենաների վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

Հարցաքննվել են բազմաթիվ անձինք։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Իրականացվում են ապացուցողական, վարութային գործողություններ, ինչպես նաև` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, կատարված առերևույթ հանցանքի շարժառիթը և ենթադրյալ հանցանք կատարած անձին (անձանց) պարզելու նպատակով։