Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ. Արմեն Գրիգորյան

Հայաստանն օգտագործում է իր ողջ կարողությունները, աշխատում է, որ հնարավորինս արագ Լաչինի միջանցքը բացվի: Այս մասին վստահեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հայաստանն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որպեսզի կարողանանք օգտագործել բոլոր այն հնարավոր գործիքները , որոնք առկա են, որպեսզի Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին, այսինքն՝ աշխատի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, որտեղ հստակ նշված է, որ ԼՂ կապը ՀՀ-ի հետ իրականացվում է Լաչինի միջանցքով, իրականացվում է անխոչընդոտ»,-վստահեցրեց Գրիգորյանը:

Նրա գնահատմամբ՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում հասցեական կոչեր են եղել այս առնչությամբ: Եվ Հայաստանի ՀԿ-ները, և հայկական այլ կազմակերպություններ, և միջազգային տարբեր կառույցներ կոչեր են հնչեցրել, որ Լաչինի միջանցքը բացվի: «Շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, որ հնարավորինս արագ Լաչինի միջանցքը բացվի»,-նշեց նա:

Գրիգորյանի խոսքով՝ Լաչինի միջանցքի մասով Հայաստանն այս պահին աշխատում է միայն միջազգային հանրության հետ։ ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում այս ուղղությամբ:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՄԱԿ ԱԽ նիստից հետո կոնկրետ արդյունք չենք տեսել ՝ Գրիգորյանը շեշտեց. «Դեռևս չտեսանք: Բնականաբար շարունակում ենք աշխատել, որ բացվի միջանցքը: Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը՝ կլինի ՄԱԿ-ը, թե ԵԱՀԿ-ն, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը, առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք, որ կարողանանք հանգուցալուծել այս իրավիճակը»:

«Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ։ Այդ ինստիտուտը պետք է կարողանա ապահովել պայմանագրի իրականացումը, բացի դրանից՝ մենք նաև առաջարկել ենք, որ մեխանիզմ ստեղծվի հնարավոր միջազգային դատարան դիմելու, եթե առաջանում է ճգնաժամ ու հնարավոր չէ լուծել այդ ճգնաժամը»,-նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա շեշտեց՝ 120 հազար հայ այս պահին գտնվում է շրջափակման մեջ: