Վահան Քերոբյանը կարող է հրաժեշտ տալ պաշտոնին․ «Ժողովուրդ»

2022 թվականը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտեց պաշտոնանկություններով եւ իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ պաշտոնանկություններն այդքանով չեն սահմանափակվելու եւ թիրախում նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է: Սակայն մենք տեղեկացանք, որ այժմ էլ կառավարության ղեկավարը դժգոհ է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի աշխատանքից, որը նաեւ իր հայտարարությունների պատճառով հաճախ է զավեշտալի իրավիճակում հայտնվում: Եվ ահա, մեր տեղեկություններով, նա եւս առաջիկայում հնարավոր է հրաժեշտ տա իր պաշտոնին, սակայն փոխարինող դեռ չեն կարողանում գտնել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից ճշտել՝ նա իր աշխատանքից դժգոհություն ստացել է, թե ոչ: Նախարարը սկզբում հետաքրքրվեց` կատակում ենք, թե ոչ, ապա երբ կրկնեցինք հարցը, նա այդպես էլ որեւէ պատասխան չտվեց՝ հորդորելով դիմել նախարարության լրատվական բաժին: