Հունաստանը չի պատրաստվում ամերիկյան բազա ստեղծել Ալեքսանդրուպոլիսում

Հունաստանի հյուսիսում գտնվող Ալեքսանդրուպոլիս նավահանգստում ամերիկյան ռազմաբազա տեղակայելու պլաններ չկան:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի»-ի հրապարակումից, այս մասին Ալեքսանդրուպոլիսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

Հունաստանի հետ 2021 թվականի հոկտեմբերի 14-ին ստորագրված պաշտպանության նոր համաձայնագրով՝ Միացյալ Նահանգների տրամադրության տակ են անցել մի քանի նոր ռազմաբազաներ, այդ թվում՝ Հունաստանի հյուսիսում գտնվող Ալեքսանդրուպոլիս նավահանգիստը և նրա կողքին գտնվող ռազմական ճամբարը։

Ալեքսանդրուպոլիսի նավահանգիստը դարձել է ամերիկյան ռազմական տեխնիկայի տարանցման ամենամեծ նավահանգիստը դեպի Արևելյան Եվրոպա և Ուկրաինա։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի հետ Հունաստանի պաշտպանական համագործակցության համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է Ալեքսանդրուպոլիսում ամերիկյան ռազմաբազա ստեղծել՝ Միցոտակիսը պատասխանել է, որ ո՛չ:

«Թե ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն օգտագործել դա, հստակ սահմանված է երկկողմ պաշտպանական համագործակցության համաձայնագրում»,- պատասխանել է Հունաստանի վարչապետը։

Խոսելով Ալեքսանդրուպոլիսի նավահանգստի սեփականաշնորհումից հրաժարվելու կառավարության որոշման մասին՝ վարչապետն ասել է, որ դա չի ազդի զարգացման ծրագրերի վրա։

«Մեր նպատակն է ունենալ ժամանակակից նավահանգիստներ՝ ամենաժամանակակից սարքավորումներով»,- ասել է Միցոտակիսը։

Նրա խոսքով՝ Ալեքսանդրուպոլիսով կարող է անցնել ցամաքային միջանցք դեպի Սև ծով, որը կարող է այլընտրանք դառնալ Բոսֆորի նեղուցին։