Զինվորներից մեկը ավտոմեքենայով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ անցք բացելու և համածառայակիցներին դուրս հանելու համար. նոր մանրամասներ

ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում զինվորների կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքից։

19.01.2023թ-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, անձնակազմի հիմնական մասը գտնվել է զորանոցում՝ քնած, իսկ 2 ժամկետային զինծառայող վարորդները գնացել են աղբյուրից ջուր բերելու։ Օրվա հերթապահը գտնվել է կացարանից քիչ հեռու գտնվող խոհանոցում և խոսել է բջջային հեռախոսով։ Այդ ընթացքում վաշտի պատասխանատու կապիտանը հերթապահ ժամկետային զինծառայողից հարցրել և տեղեկացել է վառարանը վառելու նպատակով ավտոկայանատեղիում՝ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի գործարկման սարքավորումը (մեկնարկիչը) լիցքավորելու համար նախատեսված ավտոբենզինի առկայության մասին։ Այնուհետև 5 լիտր տարողությամբ պլաստամսե տարայում գտնվող ավտոբենզինով փորձել է վառել վառարանը։

Այս հանգամանքը փաստվում է նաև վկաների տված ցուցմունքով առ այն, որ այդ հատվածում եղել է բենզինով լցված 5 լիտրանոց 10 տարա, մինչդեռ դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել է 9-ը։

Վառարանն ավտոբենզին լցնելուց հետո բոց է բռնկվել, որի հետևանքով պատասխանատու կապիտանը, այրվածքներ ստանալով, մեխանիկորեն իր ձեռքի ավտոբենզինով լի տարան նետել է մի կողմ, որն ընկել է կացարանի մեջ, ապա տվյալ օրվա վերակարգում գտնվող մեկ այլ ժամկետային զինծառայողի հետ, ով նույնպես ստացել է այրվածքներ, մի կերպ կարողացել են դուրս գալ կացարանից։

Դրսում գտնվող ժամկետային զինծառայող վարորդներից մեկը «Ուրալ» մակնիշի ավոտմեքենայով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ անցք բացելու և համածառայակիցներին այնտեղից դուրս բերելու նպատակով, որի արդյունքում պատի որոշակի հատված քանդվել է։ Սակայն կրակի արագ տարածման պատճառով կացարանում գտնվող մյուս զինծառայողներին չեն կարողացել դուրս բերել, որի արդյունքում թվով 15 ժամկետային զինծառայողներ մահացել են։