Ոսկանյանների ընտանիքը 20 հազար եվրո կստանա. ՄԻԵԴ որոշումները ընդդեմ Հայաստանի

2022թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ 31 դիմումների վերաբերյալ կայացրել է 21 վճիռ։ Դատարան ներկայացված 177 դիմում չի ընդունվել, իսկ 48-ը փոխանցվել է կառավարությանը: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ տարեկան ամփոփիչ զեկույցից:

Ամենաշատ խախտված իրավունքը ազատության և անվտանգության իրավունքն է (7 վճիռ) և անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից պաշտպանված լինելու իրավունքը (6 վճիռ)։

2022թ. ՄԻԵԴ-ը ստացել է Հայաստանի դեմ գործերով միջանկյալ միջոցների կիրառման 12 միջնորդություն։ Որևէ միջնորդություն չի բավարարվել. 7 դեպքում նման միջոցները մերժվել են։ Ազատության և անվտանգության իրավունքը ամենաշատ խախտված իրավունքն է (60 վճիռ), որին հաջորդում են արդար դատաքննության իրավունքը (52 վճիռ) և սեփականության պաշտպանության իրավունքը (37 վճիռ):

Արդեն այս տարի դատարանը Հայաստանում մարդու իրավունքների խախտման հերթական դեպքն է արձանագրել ու կառավարությանը պարտավորեցրել փոխհատուցել Ոսկանյանների ընտանիքին՝ 12 տարի առաջ բանտում մահացած Սլավիկ Ոսկանյանի կյանքի իրավունքը խախտելու համար, հայտնում է Ազատությունը։

Վերջինս երկշաբաթյա կալանքից հետո մահացել էր Վանաձորի քրեակատարողական հիմնարկում՝ 2010-ի հոկտեմբերին։ Նա կասկածվում էր ոստիկանության գնդապետի մորը սպանելու մեջ։ Եվրոպական դատարանն արձանագրել է. «Սլավիկ Ոսկանյանը բժշկական օգնություն է խնդրել։ Վեց օր անց միայն նրան հիվանդանոց տեղափոխելու որոշում է կայացվել, բայց արդեն շատ ուշ էր նրա կյանքը փրկելու համար»։

12 տարի առաջ ամուսնուն կորցրած կինը՝ Շուշանիկ Ոսկանյանը, 20 հազար եվրո կստանա պետությունից։