Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Դավիթ Սաքոյանը

Մահացել է կոմպոզիտոր Դավիթ Սաքոյանը։

Թեև մանկուց երգեր և մեղեդիներ է հնարել, Սաքոյանը երաժշտական նախնական կրթություն չի ստացել, քանի որ ծնողները չեն խրախուսել՝ երաժշտությամբ իր տարվածությունը: Այդ «բացը» լրացնելու համար սովորել է Հայկական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ համալսարան) երաժշտական բաժնում, մասնագիտացել խմբավարության արվեստում՝ հընթացս նաև ստեղծագործելով: Եվ քանի որ ուսման ավարտին արդեն ուներ բազում ստեղծագործություններ, այդ թվում՝ «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» օպերան, պատարագ և այլն, 1970-ին հաջողությամբ ընդունվում է Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետ եւ ուսանում Գրիգոր Եղիազարյանին:
Վաղ շրջանի ստեղծագործություններից նա թողել է «Կիկոս և Կիրակոս» մանկական օպերան եւ իր մորը նվիրված թիվ 1 կոնցերտը՝ նվագախմբի եւ կամերային նվագախմբի համար:
Դավիթ Սաքոյանը գրել է նաև նաև սիմֆոնիաներ, օպերաներ, կոնցերտներ, սոնատներ, ռոմանսներ, սաղմոսներ, ժողովրդական թեմաներով ստեղծված վարիացիաներ, Նարեկացու եւ Իսահակյանի խոսքերով գրված ստեղծագործություններ: