Զախարովան հույս է հայտնել, որ Բաքուն և Երևանը կիրականացնեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված նախաձեռնությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները կիրականացվեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում։

«Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել առանցքային տարածաշրջան, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ խաղաղության նախաձեռնությունները, որոնք մշակվել են կողմերի և Ռուսաստանի հետ միասին, կիրականացվեն»,- ասել է նա այսօր ռադիոSputnik-ի եթերում:

Զախարովան ամբարտավանություն է անվանել Հարավային Կովկասում իրավիճակ ներթափանցելու Արևմուտքի փորձերը։ Նրա կարծիքով՝ նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։

«Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ Արևմուտքն էլ ավելի է ակտիվացել»,- հավելել է դիվանագետը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մինչդեռ «հակամարտությունների թիվն ինչ-ինչ պատճառներով ավելանում է հավաքական Արևմուտքի նախաձեռնությամբ»։