Կյանքից հեռացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը

Հրանտ Թադևոսյանը անգնահատելի և մեծ ավանդ ունի Հայաստանի գազաէներգետիկ ոլորտի կայացման և զարգացման գործում։ Նա երկարամյա ճանապարհ է անցել համակարգում՝ ՀԽՍՀ Գազիֆիկացման պետական կոմիտեի ճարտարագետից մինչև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն։
Կրթությունը ստացել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, որն ավարտել է գերազանցությամբ։ Սովորել է Մոսկվայի կառավարման համամիութենական բարձրագույն դպրոցում:

Աշխատանքային գործունեությունը գազի ոլորտում սկսել է 1985 թվականից որպես ՀԽՍՀ Գազիֆիկացման պետական կոմիտեի Շահագործման-տեխնիկական վարչության ճարտարագետ, այնուհետև՝ ավագ ճարտարագետ և առաջատար ճարտարագետ։ 1986 թվականին աշխատել է ՀԽՍՀ «Պետագրոպրոմ»-ի Էլեկտրաֆիկացման, էներգետիկայի և գազիֆիկացման վարչության առաջատար ճարտարագետ, այնուհետև՝ Էլեկտրաֆիկացման, էներգետիկայի և գազիֆիկացման բաժնի գլխավոր մասնագետ։ 1992–1999թթ․զբաղեցրել է «Հայգազվառելիք» պետական ձեռնարկության Գազիֆիկացման և գազամատակարարման վարչության Տեխնիկական բաժնի ճարտարագետի պաշտոնը, «Հայգազարդ» ՀՆՊՁ-ում աշխատել է որպես Արտաքին հարաբերությունների վարչության ճարտարագետ, այնուհետև՝ «Հայգազարդ» պետական կոնցեռնում՝ Գազիֆիկացման և գազամատակարարման վարչության պետի տեղակալ, Արտաքին հարաբերությունների վարչության պետի տեղակալ, Արտաքին հարաբերությունների բաժնի պետ, Արտաքին կապերի վարչության պետի տեղակալ։ 1999 թվականի հունիսին նշանակվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում (հետագայում վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) Հեռանկարային զարգացման, փորձագիտության և բնապահպանության վարչության պետ, 2002 թվականի հունվարին՝ Տեխնիկական վարչության պետ, հետագայում՝ 2011 թվականի փետրվարին զբաղեցրել է Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետի պաշտոնը։ 2016 թվականի հոկտեմբերին ընտրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն։

Երկար տարիներ աշխատելով գազի համակարգում՝ ոլորտի կայուն զարգացումը համարել է իր աշխատանքի գլխավոր նպատակը և կոչումը, իր գիտելիքներն ու հսկայական փորձը ներդրել է Հայաստանի գազի տնտեսության վերականգնման և համակարգը զարգացման ճանապարհով առաջ տանելու համար։

ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի բնագավառում նշանակալի ավանդի համար» հուշամեդալով: ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի կողմից արժանացել է «ԱՊՀ վաստակավոր էներգետիկ», «Գազպրոմ» ՀԲԸ ղեկավարության կողմից՝ «„Գազպրոմ“ ՀԲԸ պատվավոր աշխատող» կոչումներին: Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահության կողմից արժանացել է «ՌԴ վաստակավոր ճարտարագետ» պատվավոր կոչմանը: Գազի արդյունաբերության զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է «Գազպրոմ» ՀԲԸ շնորհակալագրին։