Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը կուսակցական քաղաքականության պլատֆորմում է ներառել Արցախի Հանրապետության բնակիչների ինքնորոշման իրավունքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Կանաչների կուսակցությունը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կոչ է արել կառավարությանը «ճանաչել
Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ուժեղացնել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի և դրա
քաղաքացիների հետ»:

«Ավստրալիայի Կանաչներն արձանագրում են Լեռնային Ղարաբաղի գործադրած ջանքերը՝ կառուցելու ազատ և
ժողովրդավարական հասարակություն լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների միջոցով, ինչպես նաև
շարունակական աշխատանքները պատասխանատու կառավարություն ունենալու հարցում»,- ասվում է կուսակցության
հայտարարության մեջ:

Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի տնօրեն Վաչե Ղահրամանյանը ողջունել է կուսակցության որոշումը՝ նշելով, որ
Լեռնային Ղարաբաղը հազարամյակներ շարունակ եղել է մեծ հայկական հայրենիքի մասը:

Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը ևս ԼՂՀ կառավարության անունից ողջունել է
քաղաքական ուժի որոշումը: «Սա իսկապես պատմական ճանաչում է: Արցախի Հանրապետության ժողովուրդը արդեն
26 տարի է՝ ապրում է անվտանգության մշտական սպառնալիքի ներքո: Այդուհանդերձ, նրանք կարողացել են կառուցել
ժողովրդավարական պետություն, որը սպասում է աշխարհի կողմից ճանաչման»,- ընդգծել է նա:

Ավստրալիայի դաշնային խորհրդարանում Ավստրալիայի Կանաչները ներկայացված են Վերին պալատում ինը
սենատորով և Ներկայացուցիչների պալատում մեկ անդամով: