«Բարձր տոնով խոսելու», աշխատակազմի ղեկավարի կողմից սպառնալիքների ու քաղաքացիների ոտնահարված իրավունքների մասին …

Մեր  խմբագրություն է դիմել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակչուհի, փաստաբան Կարինե Վարդանյանը։ Նա նշում է, որ իր փաստաբանական գործունեության ընթացքում ՀՀ բազմաթիվ քաղաքացիների իրավունքներ է պաշտպանել, սակայն չի կարողանում պաշտպանել իր ոտնահարված իրավունքները: Կարինե Վարդանյանի խոսքով՝ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը հրահանգել է իրեն ներս չթողնել համայնքապետարանի շենք, որտեղ տեղակայված է Արարատի մարզի նոտարական գրասենյակը: «Իմ հանդեպ այդպիսի վերաբերմունք են դրսևորում այն բանի համար, որ ես ստանձնել եմ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի բարեկամի դատական գործով հակառակ կողմի շահերի պաշտպանությունը: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գոռ Նազարյանը ս/թ մայիսի 24-ին   ինձ հրավիրեց իր աշխատասենյակ ու «կարգադրեց», որ հրաժարվեմ իմ վստահորդ Շուշիկ Խուդաթյանի շահերը պաշտպանելու գործառույթից, սակայն երբ ստացավ բացասական պատասխան, սպառնաց, որ կդիմի փաստաբանների պալատ և կհասնի նրան, որ ինձ ազատեն աշխատանքից: Ի դեպ, համայնքապետարանի աշխատակիցները սպառնացել են նաև իմ վստահորդ Շուշանիկ Խուդաթյանի հարևաններին, որոնք հայտարարություն էին գրել իմ վստահորդի օգտին և ստիպել հրաժարվել գրված հայտարարություններից, «այլապես նրանք կենթարկվեն քրեական պատասխանատվության»։ Վկաները սպառնալիքների ներքո հրաժարվել են իրենց կողմից գրած հայտարարությունից: Գրավոր դիմել եմ Արտաշատի խոշորացված համայնքի ղեկավար  Կառլեն Մկրտչյանին՝ իմ իրավունքները չսահմանափակելու խնդրանքով։ Եվ չնայած որ նա պատասխանեց, թե իմ որևէ իրավունք սահմանափակված չէ, սակայն դրանից հետո էլ ինձ թույլ չտվեցին մուտք գործել համայնքապետարանի շենք»:

Կարինե Վարդանյանի խոսքով՝  մյուս քաղաքացիները ազատ ելումուտ են անում համայնքապետարանի շենք, իսկ իրեն այդպես էլ թույլ   չեն տալիս վերև բարձրանալ: Վարչապետին ու մարզպետին գրված իր դիմումներն էլ անարձագանք են մնում:

Մնում է հասկանալ,թե Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարական երկրում ինչու? են ամեն քայլափոխի ոտնահարվում ՀՀ շարքային քաղաքացիների իրավունքները:

Հայկանուշ Գրիգորյան