Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում 200 օբյեկտի ուղղությամբ

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է այս գիշեր Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ»-ի և «Իսլամական ջիհադի» ավելի քան 200 օբյեկտների ուղղությամբ հասցված ավիահարվածների մասին։

Նշվում է, որ հարվածներ են հասցվել Ռիմալի և Խան Յունիսի օբյեկտներին։ Զինվորականները պնդում են, որ այդ երկու շրջաններն օգտագործվում են որպես «ահաբեկչական հանգույցներ», զգալի թվով  ահաբեկչություններ հենց այնտեղից էին սկսվում։

Ինչպես հաղորդում է  The Times of Israel թերթը՝ ծանր տրանսպորտային ինքնաթիռները թռչել են եվրոպական տարբեր երկրներ՝ Իսրայել տեղափոխելու այն զինվորներին, ովքեր չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ։ Գործողությունն իրականացվել է արտաքին գործերի նախարարության հետ  համաձայնությամբ։

Ներքին տեղահանվածների թիվը Գազայի հատվածում աճել է մինչև 187 հազար, անօթևան մնացած առնվազն 137 հազար մարդու տեղափոխել են դպրոցական շենքեր ժամանակավոր ապրելու նպատակով, սակայն  50 հազար պաղեստինցի դեռ անօթեւան են։ Բուն Գազայի ապաստարանները գերբնակեցված են, իսկ խմելու ջրի մատակարարումը սահմանափակ է:

Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։