Իմ հարցերը ձեր հարցերին վնաս չեն, վնաս չեն

 Ազգային ժողովի հանձնաժողովներում երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը քննարկվում է գրեթե դատարկ դահլիճում: Մեկ-երկու հերթապահ հարցեր /եթե իհարկե հավես ունեն/ զեկուցողին, ու ամեն ինչ ընդունվում է հալած յուղի պես: Իսկ եթե, այնուամենայնիվ, հարց է ուղղվում զեկուցողին, նրան անմիջապես օգնության են հասնում հանձնաժողովների նախագահները: Օրինակ՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը երեկ ՀՀ պետական բյուջեի 2024 թ. Նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց. «Ընդդիմությունը մեր ներկայացրած յուրաքանչյուր յուրաքանչյուր երկրորդ նախագիծ վիճարկում է և համարում հակասահմանադրական»: Նա խորհուրդ տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին դիմել Սահմանադրական դատարան և հանդես գալ հայտարարությամբ: «Ինչքանով տեղեկացված եմ՝ ընդդիմությունը դիմել է Սահմանադրական դատարան ընդամենը երկու անգամ: Ինչու՞ ամեն անգամ չեք դիմում Սահմանադրական դատարան և չեք հայտարարում հարցի հակասահմանադրական լինելու մասին»,- զարմացավ նա: Երբ Արթուր Խաչատրյանը փորձեց հակադարձել, Վարդանյանը դիմեց խոսքը կտուրը գցելու մեխանիզմներին՝ հիշեցնելով, որ ինքը համանախագահող է և ինքն էլ հարցի իրավունք ունի։ Նա հորդորեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներին չզայրանալ: «Չեմ հասկանում ինչու՞ է իմ հարցը Ձեզ մոտ զայրույթ առաջացնում:Դուք ում ուզում, հարց եք տալիս, ես էլ ում ուզեմ, որպես համանախագահող հարց կտամ: Չեմ հասկանում ինչու՞ են իմ հարցերը ձեզ մոտ զայրույթ առաջացրել։ Ձեր հարցերը, օրինակ, դուք տվել եք, ես էլ իմ հարցն եմ տալիս, խնդիրը ո՞րն է: Հո չե՞մ հարցնում՝ թե ինչու եք առավոտյան սուրճ խմել, այլ ոչ թե կակաո».- ընդդիմադիր գործընկերներին հարց ուղղեց Վարդանյանը:

 

Հ.Գրիգորյան