Մենք խի ընկերություն չունե՞նք, շրջապատ չունե՞նք, բա մեր ընկերությունն ինչի՞ համար է

Ազգային ժողովում այսօր լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանից հարցրին վերջինիս կարծիքը՝ Հայկազ Բաղմանյանի ազատման մասին:

Սարոյանը նշեց, որ Բաղմանյանի հեռացումը պայմանավորված է նրանով, որ նախարար Սարգսյանը երիտասարդ կադրեր է բերում, և Սարոյանն ինքը տեղյակ չէ, թե այդ որ հրահանգը չկատարելու համար է Բաղմանյանն ազատվել աշխատանքից. «Ինչքան գիտեմ՝ Մոսկվա ա գնում: Ավելի շուտ էր ուզում դուրս գալ»:

Դիտարկմանը, որ Հայկազ Բաղմանյանը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում՝ իր կուտակած հարստության պատճառով, Սեյրան Սարոյանը հակադարձեց. «Իսկ ո՞վ ա ասում, որ հարստացել ա, ինչո՞վ  ա հարստացել Հայկազ Բաղմանյանը: Գեներալին որտեղի՞ց հարստություն, բանակում նա ո՞նց պետք է հարստանար: Մարդիկ տեսել են, որ գողություն չենք անում, օգնել են: Թե չէ՝ էս լրագրողը, որ երեկվա երեխեն ա, եկել ա Բաղմանյան Հայկազին խայտառակ ա ուզում անի, չի կարելի»:

Լրագրողները Սարոյանին հիշեցրին Բաղմանյանի թանկարժեք մեքենաների, գազալցակայանների և այլնի մասին: Սարոյանը սրան ևս հակադարձեց՝ նշելով. «Էդ շքեղ մեքենան էլ ես գիտեմ. Մոսկվայի Ալիկն ա նվեր տվել, մենք խի ընկերություն չունե՞նք, շրջապատ չունե՞նք, բա մեր ընկերությունն ինչի՞ համար է»:

Սարոյանը նշեց, որ ինքն ուրախ է տեսնել այնպիսի գեներալների, ովքեր կողքից կարողանում են հարստանալ. «Այդպիսի գեներալները զինվորի հացին երբեք չեն կպնի»: