Շնորհավոր ծնունդդ Հերոս, շնորհավոր Սուրեն Եսայան

 «Բոլոր ժամանակներում պառակտումն է եղել Հայաստանի մեծագույն թշնամին։ Միասնական լինելու դեպքում կարող ենք միայն աշխարհին և ինքներս մեզ ապացուցել հակառակը։ Հա՛յ ազգ, լինենք միասնական այս դժվարագույն պահերին։ Ես պատրաստ եմ»…

Տողերի հեղինակը Սուրեն Եսայանն է, լուսավոր մի պատանի, որ նահատակվեց 44-օրյա պատերազմում իր զինակից ընկերների հետ… բայց մինչ այդ պիտի մարգարեանար. «մարդ կա՝ ապրում է մեռնելու համար, մարդ կա՝ մեռնում է՝ հավերժ անմահանալու համար…»:

Հունվարի 15-ին, 44-օրյա պատերազմի հերոս Սուրեն Եսայանի ծննդյան օրն է: Նա կդառնար 22 տարեկան, բայց ավաղ… չարաբաստիկ պատերազմը կիսատ թողեց լուսավոր պատանու սլացքը, նրա բոլոր երազանքները:

Սուրենի ընտանիքի անդամները, նրա մտերիմներն ու հարազատները այցելեցին հերոսի հիշատակը հավերժացնող հուշաձանին, որտեղ Տեր Շահե Հայրապետյանը կատարեց հոգեհանգստի արարողակարգ:

Ավաղ, արդեն չորրորդ անգամ հարազատներն ու մտերիմները նրա ծննդյան տոնը նշում են Սուրենի՝ միայն ոգեղեն ներկայությամբ: Ցավ ու կարոտ  կա ներկաների հայացքներում, բայց կա նաև լուռ սպասում…Իսկ նրանք, ում գոնե մեկ անգամ բախտ է վիճակվել հանդիպել խելացի, վայելչագեղ, պարթևահասակ, տաղանդավոր ու բազմաշնորհ պատանուն, շփվել նրա հետ, պատմելու շատ բան ունեն…

Եսյանների ընտանիքում  Սուրենը երեք քույրերից հետո լույս աշխարհ եկած միակ արու զավակն էր,  քույրերի մինուճար եղբայրը, սպասված ու անսահմանորեն սիրված, միաժամանակ խիստ ու հայեցի դաստիարակություն ստացած:

Հայրը՝ Սարգիս Եսայանը, որ շրջապատի կողմից հարգված անձնավորություն էր, մինուճար որդու մասին խոսելիս միշտ ասում էր՝ «տղա է, պետք է տղամարդուն վայել պահվածք ունենա»:

Հինգ լեզուների տիրապետող խելացի պատանին, որ բոլոր հնարավորություններն ուներ արտասահմանում ուսումը շարունակելու և ապրելու համար, չօգտվեց իրեն ընձեռված հնարավորությունից, գերադասեց մնալ հայրենիքում ու նրա զոհասեղանին դնել ամենաթանկը՝ իր երիտասարդ կյանքը՝ հավատարիմ մնալով իր հավատամքին՝ Հայրենիք ու ընտանիք…

Նրան ճանաչողները մի կարևոր առանձնահատկություն են ընդգծում Սուրենի էությունից՝ կան մարդիկ, որ ապրում են տասնյակ տարիներ, սակայն չեն հասցնում անել այն, ինչ Սուրենն արեց իրեն տրված կարճ ժամանակահատվածում: Իսկ նա իր 18 գարունների մեջ հասցրել էր ոչ միայն իր հրաշալի դաստիարակությամբ ու առաջադիմությամբ փայլել «Տաթև» դպրոցում, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում ու Ֆրանսիական համալսարանում, որի կառավարման ֆակուլտետի ուսանողն էր, այլև, իրենով հպարտանալու բազում առիթներ տվել թե                        որպես բազմաշնորհ ու տաղանդաշատ երիտասարդ և թե որպես մարդ…

Անհնար է առանց հուզմունքի կարդալ հերոսածին մոր Նարինե Եսայանի՝ որդուն ուղղված  շնորհավորանքը.

<<Հունվարի15…

Կյանքիս չորս ամենաերջանիկ օրերից մեկը։

Տղես՛,երբեք չէի մտածի,որ իմ համար էս երջանիկ օրը ,կարամ էսքան տխուր լինեմ։ Մտածում էինք ,որ 20ամյակիդ կգանք մոտդ՝բանակ։

Էնքան բան կա ասելու Սո՛ւր ջան,

բայց կլռեմ։Շնորհավոր ,իմ լուսավոր տղա՛։Ես հավատում եմ ,որ մի օր մենք դարձյալ միասին կլինենք՝ էս նենգ ու դաժան աշխարհից հեռու>>…

Անհնար է նաև չհիշել Սուրենին նվիրված երգի տողերը, որը նրան նվիրել է քրոջ ամուսինը՝ երգիչ Հովհաննես Բաբախանյանը: Նվիրել է հարազատին կորցրածի ցավով և անմեկին հպարտությամբ:

Քո կապույտ աչքերը հիմա լուռ են, անհամար աղոթքներս ու՞ր են

Քեզ տարավ երկինքը որ արև դառնա, որ միշտ շողաս հողիդ համար

Սուրեն Եսայանի լուսավոր նկարագիրն ու պայծառ կերպարը միշտ կմնա նրան բոլոր ճանաչողների սրտերում, կմնա որպես Հայրենիքի ճշմարիտ նվիրյալի վառ օրինակ…

Շնորհավոր ծնունդդ Հերոս, Շնորհավոր Սուրեն Եսայան

Մելանյա Ծառուկյան