ՀՀ ԱԳ նախարարը Նիդերլանդների գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը

Փետրվարի 8-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-նիդերլանդական երկկողմ օրակարգի և քաղաքական երկխոսության ընդլայնման հեռանկարների շուրջ: Ընդգծվել են Հայաստանում ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացված քայլերը և այդ ուղղությամբ հետագա երկկողմ համագործակցության պատրաստակամությունը: Այս, ինչպես նաև անպատժելիության հաղթահարման դեմ պայքարի համատեքստում գոհունակությամբ նշվել է նաև Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին։

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանն առնչվող հարցեր։ Արարատ Միրզոյանը կարևորել է տարբեր ուղղություններով փոխգործակցության շարունակական զարգացումը, այդ թվում նաև՝ ՀՀ դիմակայունության հետագա ամրապնդման նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում վերջին զարգացումներին և ընդհանուր անվտանգային իրավիճակին։