Այսօր կենսակոչվեց մայրաքաղաքի դիմագիծը լրացնող ևս մեկ մշակութային նախագիծ: Մեր համաքաղաքացիները ներկա գտնվեցին Մերգելյանի հիմնանորոգված պուրակի հանդիսավոր բացմանը։
Ուշարժան էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական խոսքը պուրակի վերաբացման առիթով: Քաղաքապետը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, ով ջանք ու եռանդ չէր խնայել գեղեցիկ ու նորովի վերանորոգված ժամանցի գոտու ստեղծման ճանապարհին:
Տիգրան Ավինյանի խոսքով՝ Արամ Ազատյանը ոչ միայն այգու հիմնանորոգման առաջամարտիկն է եղել և մեծ ավանդ ունեցել այդ գործում, այլև այդ նախագիծը համարել է անձնական նախագիծ։ Տքնաջան աշխատանքի արդյունքում,երկարատև շինարարական աշխատանքներից հետո այգին ներկայանում է գեղեցիկ տեսքով։
Վերականգնման արդյունքում այգին քաղաքացիներին ներկայանում է ճեմուղիներով, նոր նստարաններով, խաղահրապարակով, մարզահրապարակով։ Նոր ծառեր են տնկվել, ավելացել է կանաչ գոտին։ Զբոսայգում է տեղադրվել նաև «Լեռնեցիների պարը» խմբաքանդակը։
«Մերգելյանի պուրակը, որ երկար տարիներ անտեսված և զավթված էր, այսօր հիմնանորոգվել է՝ դառնալով բարեկարգ, հարմարավետ և ժամանակակից։
Երևանն իր պատմության ընթացքում շատ բան է տեսել, տեսել է զավթված այգիներ, մայթեր, վաճառված մանկապարտեզներ, օտարված հանրային տարածքներ։ Կարծում եմ, ժամանակն է եկել, որ գիտակցենք մեր պարտականությունը՝ վերակենդանացնելու այն տարածքները, որոնք ժամանակին մեր քաղաքի շունչն են եղել։ Այս ծրագիրը հենց դրա մասին է։ Մերգելյանի այգու նախագիծն այս լայնամասշտաբ հայեցակարգի առաջին քայլն էր։ Այսօր կտնկենք մոտ 70 նոր ծառ»,-հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, ովքեր սրտացավ են եղել ծրագիրն իրականացնելիս։
«Մերգելյանի այգու նախագիծն այս լայնամասշտաբ հայեցակարգի առաջին քայլն էր: Տարածքը բարեկարգվեց, կանաչապատվեց: Մերգելյանի պուրակի վերաբացումը ոչ միայն քաղաքի բարեկարգման կարևորագույն քայլերից է, այլ նաև հարգանքի տուրք է նշանավոր մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի հիշատակին, ով իր ամբողջ կյանքը նվիրեց մեր երկրի գիտության, տեխնոլոգինաների զարգացմանը»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:
Այգու վերաբացման հանդիսավոր միջոցառմանը ներկա մեր համաքաղաքացիները ևս իրենց գոհունակությունն էին հայտնում, որ անտեսված ու անմխիթար վիճակում գտնվող այգին հրաշալի հանգստավայր է դարձել իրենց համար, մեծերի և փոքրերի համար: Մոտակա շենքերի բնակիչները նշեցին, որ բազմաթիվ անգամներ ականատես են եղել, թե ինչպես է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը շինհրապարակում խորհրդակցում շինարարների հետ, ուշադիր հետևում, որ բացթողումներ ու թերություններ չլինեն:
«Թերևս հենց նրա սրտացավ աշխատանքի արդյունքում էլ ունենք այս հիասքանչ այգին»,-ասացին բնակիչները:
Հայկուհի Գրիգորյան