ՆԱՏՕ-ն գոհ է Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակից. Ռոզարիա Պուգլիսի

ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերություններում որեւէ մարտահրավեր չի տեսնում:

Այս մասին նա ասաց Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվան ընդառաջ կազմակերպված ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները, եւ արդյոք տեսնում է որոշակի մարտահրավերներ:

Նա հիշատակեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի խոսքերն այն մասին, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները կայուն են եւ  վստահելի, եւ հավելեց, որ ՆԱՏՕ-ն գիտի՝ Հայաստանն ինչ է ցանկանում, եւ գոհ է դրանից: Ռոզալիա Պուգլիսիի խոսքով՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը առանձնահատուկ է:  «Նմանատիպ համագործակցություն մենք չունենք մեկ այլ երկրի հետ: Դա նշանակում է, որ մեր համագործակցությունը հարմարեցված է՝ ըստ իշխանությունների արտահայտած կարիքների: Մենք դրանով ենք կազմում մեր համագործակցության բուն կորիզը, մենք միասին ենք աշխատում եղած հարցերը պարզաբանելու համար»,- ասաց նա: