Հայաստանի ներդրումների և տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց, թե հիմնականում ինչի հաշվին է հաջողվել 2017թ. ՀՆԱ-ի 7.5 տոկոս աճ ապահովել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ ՀՆԱ-ի նման աճ հաջողվել է ապահովել արդյունաբերության և ծառայությունների հաշվին: «Աճել է արդյունաբերությունը: Հատկապես հատկանշական է, որ արդյունաբերության աճի մեջ մեծ տեսակարար կշիռ է կազմում մշակող արդյունաբերության աճը: Եթե արդյունաբերության թողարկումը 2017թ. աճել է 12.6 տոկոսով, ապա մշակող արդյունաբերության աճը եղել է 15.7 տոկոս և արդյունաբերության 12.6 տոկոս աճի 9.6 տոկոսն ապահովել է հենց մշակող արդյունաբերությունը: Եվս 2.6 տոկոս ապահովել է հանքարդյունաբերությունը»,- նշեց Կարայանը՝ հավելելով, որ բացի դա աճ է արձանագրվել նաև առևտրի և ծառայությունների ոլորտում:
Նախարարն անդրադարձավ նաև ներդրումներին՝ ընդգծելով, որ 2017թ. Հայաստանի տնտեսության մեջ շուրջ 865 միլիոն դոլարի չափով ներդրումներ են իրականացվել: «Կառավարության կայքում հստակ նշված են ներդրումներն ըստ ոլորտների, նշված է, թե որքան են կազմում մասնավոր, որքան պետական բյուջեի և համայնքային բյուջեների հաշվին, որքան՝ ֆինանսական կազմակերպությունների միջոցների հաշվին»,- ասաց նախարարը: