Արփինե Հովհաննսիյան․ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը չպետք է քննարկման առարկա դառնա

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գտնում է, որ Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը չպետք է քննարկման առարկա դառնար, քանի որ նա ներկայացրել է բոլոր հիմնավորումները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը ներկայացրել է բոլոր հիմքերը, որոնց համապատասխան նրա քաղաքացիության հարցը չպետք է այդքան շատ քննարկման առարկա լիներ: «Բրիտանական օրենքի դրույթներով ոչ բնիկ բրիտանացիների համար երկքաղաքացի լինելու դեպքում Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը դադարեցվում է դիմումի պահից»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե ընդդիմադիր պատգամավորները պահանջում են, որպեսզի Արմեն Սարգսյանը հրապարակի փաստաթղթերը, որոնց կապացուցեն, որ նա այլևս Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Նպատակահարմար կհամարի պարոն Սարգսյանը հրապարակել այդ փաստաթղթերը և որ փուլում կհամարի նպատակահարմար, կարծում եմ, հարցեր են, որոնք ուղղված են ոչ թե ինձ, այլ պարոն Սարգսյանին»: