Փաշինյանը շնորհակալություն չի հայտնում պադյեզդներում չգնդակահարվելու համար

Խորհրդարանի հատուկ նիստում քննարկվում է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը:

Վարչապետի  թեկնածուին հարցեր  են ուղղում Ազգային ժողովի խմբակցությունների պատգամավորները:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մեղմորեն արդեն պաշտպանում է ՀՀԿ-ի արտաքին քաղաքական գիծը ու հարցրեց՝ արդյոք սա չի՞ ենթադրում, որ երբ նա իշխանության գա, ներքին քաղաքականության, տնտեսական հարցերում, այս պաթոսից վերանալով, նորից չի փոխի 180 աստիճանով իր դիրքորոշումները: Նա նաեւ հարցրեց՝ իշխանությունների հանդուրժողականության շնորհի՞վ չէ, որ ստեղծվել է այս բարենպաստ միջավայրը՝ քաղաքացիական հասարակություն, ազատ մամուլ, ժողովրդավարություն, որտեղ նա կարողացել է որոշակի հաջողություն գրանցել:

 Ի պատասխան՝ Փաշինյանը նկատեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցումը արդեն իրողություն է, եւ այդ իրողության հետ ցանկացած իշխանություն պետք է հաշվի նստի, անթույլատրելի են հիմա կտրուկ շրջադարձերը: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, նա ասաց. «Այն, ինչ ունի ՀՀ քաղաքացին, ունի բացառապես իր շնորհիվ: Անկախությունից ի վեր քաղաքացիական ակտիվիստները այն տարածքը, որն այսօր ունեն, սանտիմետր առ սանտիմետր, միլիմետր առ միլիմետր ազատագրել են ապօրինության եւ բեսպրեդելի շրջանակներից: Որեւէ մեկը թող չակնկալի, որ իրենք իրենց հաղթանակների եւ սկզբունքների համար պիտի շնորհակալություն հայտնեն որեւէ մեկին:
«Ինչ է՝ մենք պետք է շնորհակալությո՞ւն հայտնենք, որ մեզ պադյեզդներում չեք գնդակահարել, որ մեզ չեք թալանել»,-ասաց  Փաշինյանը։