Քանի դեռ չկա Արցախի խնդրի կարգավորման մթնոլորտ, կարգավորում տեղի ունենալ չի կարող, սա աքսիոմա է: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, հայտարարեց վարչապետի թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանին հարցրեց, թե ի՞նչ կանի, եթե, Աստված մի արասցե, իրավիճակի սրման մեջ շահագրգիռ ուժային կենտրոններն առաջադրեն մեզ համար անցանկալի բանաձեւ, մասնավորապես՝ փուլային լուծման բանաձեւրը:
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեկնարկի առաջին փուլից մեր ազգային ամենամեծ մտավախությունը եղել է մեզ որեւէ լուծում պարտադրելու ուրվականը։ Բայց ես հիմա ուզում եմ ասել, որ այս պրոցեսների արդյունքում մենք եւս մեկ քայլ ենք արել նման լուծումը բացառելու առումով, որովհետեւ նման զարգացումների տուրք չտալու, նման զարգացումներ թույլ չտալու ամենակարեւոր խնդիրն ազգային միասնությունն է եւ ազգային զարթոնքը, այսօր դա տեղի է ունեցել։ Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը. ի վերջո մենք բոլորս պետք է հստակ արձանագրենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը՝ ի դեմս Իլհամ Ալիեւի, որեւէ պատեհ առիթ բաց չի թողնում սպառնալ ԼՂՀ-ին, ՀՀ-ին, նույնիսկ խոսում է ՀՀ մայրաքաղաքը գրավելու մասին: Բոլորս պետք է հասկանանք, որ այս իրավիճակում բանակցությունները ձեւական բնույթ են կրում։ Դրանք բանակցություններ են՝ բանակցությունների համար եւ ոչ թե կարգավորման համար »:
Փաշինյանը նկատեց, որ բանակցություններն իրական իմաստ կստանան միայն այն պարագայում, երբ Ադրբեջանը շատ հստակ ուղերձ հղի միջազգային հանրությանը, որ պարտավորվում է հարգել ու ճանաչել միջազգային իրավունքի նորմերը եւ պատրաստ է խնդրի կարգավորմանն այդ նորմերի շրջանակում։