Բաց նամակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ քաղաքացի Էլեն Արմեն Դանիելյանից (ՀՀ նախկին գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի դուստր)

Հարգելի պարոն Վարչապետ, երբեք չեմ կարծել, թե երբևէ համարձակություն կունենամ դիմել իմ երկրի ղեկավարին, բայց արդարությունը վերականգնելու զգացումն ինձ ուղղակիորեն ստիպեց դիմել այս քայլին, որովհետև ես նույնպես ուզում եմ ապրել ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ և ԵՐՋԱՆԻԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: Իսկ այդպիսի Հայաստան ունենալու համար մենք պետք է բոլորս լինենք ԱՐԴԱՐ և ՀԱՎԱՍԱՐ ՕՐԵՆՔԻ առջև:
Արդար երկրում ապրելու համար չպետք է խախտվեն ՀՀ սահմանադրությունը և օրենքները, իսկ խախտված իրավունքները անհապաղ պետք է վերականգնվեն՝ ում կողմից էլ այն արված լինի:
Ցավոք, տակավին երիտասարդ տարիքում եմ առերեսվել անարդարության հետ: Սակայն այդ ցավն ինձ ու իմ ընտանիքին ուժ է տվել ապրելու և պայքարելու՝ հանուն ճշմարտության:
Այո՛, պարոն Գևորգ Կոստանյանն ինձ ու իմ ընտանիքին պատճառել է հոգեկան և ֆիզիկական մեծ ցավ:
Եվ միթե այդքան ակնհայտորեն կարելի էր խախտել Ազգային Ժողովի կողմից ընդունած ՙՙԴատախազության մասին՚՚ ՀՀ օրենքը: Էլ ավելի մեծ ցավ եմ ապրում, երբ ԱԺ և ոչ մի պատգամավոր այս մասին չխոսեց, չէ որ հարգելիներս Դուք եք ընդունել այդ օրենքը: Փորձում եմ հասկանալ. գուցե էթիկայի տեսանկյունից ընդունված չէ քննադատել պարոն Գևորգ Կոստանյանի ոչ իրավաչափ որոշումը, սակայն, էլ ավելի ամոթալի է գիտակցել, որ գործընկերդ ակնհայտորեն խախտել է ՀՀ օրենքը:
Միթե պարոն Գևորգ Կոստանյանի համար պարզ չէր, որ Արմեն Դանիելյանի հետ շանտաժի և մեծամտության դիրքերից խոսելն անիմաստ զբաղմունք է:
Միթե նրա համար պարզ չէր, որ Արմեն Դանիելյանը բարձրակարգ և սկզբունքային իրավաբան է:
Միթե նրա համար պարզ չէր, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում սովորող ուսանողներն ինպես են գնահատում և վերաբերվում Արմեն Դանիելյանին:
Միթե պարզ չէր, որ Արմեն Դանիելյան մարդու տեսակը երբեք ընտրություն չի կատարել անազնվության և ազնվության միջև:
Կարծում եմ՝ ի սկզբանե պարոն Գևորգ Կոսանյանիհամար ամեն ինչ պարզ էր և նաև այն, որ Արմեն Դանիելյանը երբեք, ոչ մի պարագայում չի կայացրել ու չի կայացնի ապօրինի որոշում:
Այո՛, Արմեն Դանիելյանը սկզբունքային մարդ է, և կարող էր բարդություններ հարուցել պրն. Կոստանյանի համար: Ես այս առումով փորձում եմ հասկանալ պարոն Կոստանյանին: Սակայն չեմ հասկանում, թե ինչու նա Արմեն Դանիելյանից ազատվեց օրենքի խախտմամբ: Ցավալի է, բայց մինչ օրս չեմ կարողանում հասկանալ: Իսկ այսօր Գևորգ Կոստանյանի բացատրություններն այլևս ինձ ու իմ ընտանիքին պետք չէ:
Հարգելի պարոն Վարչապետ, դիմում եմ ձեզ խնդրանքով, որպես ձեր զավակի (Դուք և հայրս հասակակիցներ եք), խնդրում եմ հանձնարարեք թող ուսումնասիրեն Արմեն Դանիելյանի անձնական գործը: Եվ կհամոզվեք, որ ես անկեղծ եմ նույնիսկ յուրաքանչյուր բառիս մեջ: Եթե պարոն Գևորգ Կոստանյանն այդպես է վարվել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Դանիելյանի հետ, ապա ինձ համար ակնհայտ է՝ նրա վերաբերմունքը շարքային քաղաքացու նկատմամբ:
Պարոն Վարչապետ, հայցելով ձեր ներողամտությունը միաժամանակ դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Հարգելի ՀՀ գլխավոր դատախազ, երբ ՀՀ դատախազության աշխատակազմի Անձնական կառավարման բաժնում պարզվեց, որ բացակայում է Արմեն Դանիելյանի անձնական դիմումը՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ, դուք որպես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, որպես օրենքի պաշտպան և երաշխավոր, պետք է անհապաղ վերացնեիք պարոն Կոստանյանի կողմից թույլ տված օրենքի խախտումը՝ գործող ՙՙԴատախազության մասին՚՚ ՀՀ օրենքը ձեզ նման հնարավորություն տալիս է:
Ինչևիցե.
Այսօր, ես առավել քան վստահ եմ, որ Արմեն Դանիելյանի ծառայությունը մեր Հայրենիքին ու Ժողովրդին ավելի ու ավելի է անհրաժեշտ: Եվ դա ոչ թե այն պատճառով, որ Արմեն Դանիելյանը իմ ծնողն է, այլև այն բանի համար, որ նա սկզբունքային և ազնիվ ՄԱՐԴ է:
Հարգելի Իմ Վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, երախտապարտ կլինեմ, որ ընթերցեք իմ նամակը:

Էլեն Դանիելյանի գրառումը