ՀԿԵ-ում աշխատանքը վտանգավոր է առողջության համար. Ներքին աուդիտի պետը հիվանդանոց է տեղափոխվել

Հարավկովկասյան երկաթուղում տարօրինակ բաներ են կատարվում:

Մեր տեղեկություններով՝ ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով օրերս ՀԿԵ ներքին աուդիտի պետ Արմեն Մարկոսյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան սրտի նոպայով տեղափոխել են հիվանդանոց:

Բանն այն է, որ կոռուպցիոն սկանդալների մասին լուրերը Մոսկվա հասնելուց հետո այնտեղից հատուկ աուդիտ է ուղարկվել երկաթուղի, որոնք լուրջ ստուգումներ են անցկացնում: Միեւնույն ժամանակ, ՀԿԵ ներքին աուդիտն էլ իր ստուգումներն է իրականացնում, սակայն տնօրինությունը հրաժարվում է դրանց ընթացք տալ անցանկալի հետեւանքներից խուսափելու նպատակով:

Ասում են՝ անձամբ գլխավոր հաշվապահը թույլ չի տալիս, որ ներքին աուդիտի անցկացրած ստուգումների տակ տնօրենը ստորագրի: Այս ամենի հողի վրա խնդիրներ են եղել Արմեն Մարկոսյանի հետ, ում Վեներա Ավետիսյանը եւ Արմեն Դարբինյանը ցանկանում են ամեն գնով ազատել աշխատանքից:

Ուշագրավ է, որ Արմեն Մարկոսյանը եղել է ՀԿԵ-ի գլխավոր հաշվապահը, որի ոտքի տակը փորելով՝ այդ պաշտոնին բազմել է Վեներա Ավետիսյանը: Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ բոլորովին վերջերս հարկայինի օպերվարչության ստուգումների ընթացքում գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյանը կոնֆլիկտ է ունեցել իր տեղակալի հետ, ինչից հետո առողջական լուրջ խնդիրներ ունեցող ՀԿԵ աշխատակցի վիճակը կտրուկ վատացել է, նրա կյանքը չի հաջողվել փրկել: