Փաստաբան Վահե Գրիգորյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ևս մի գործ՝ Գասպարին ընդդեմ Հայաստանի (2-րդ գործը), այսօր հաղորդակցվել է Հայաստանի կառավարությանը։
Դատարանը սույն գործը հաղորդակցել և քննելու է այն հարցերի շուրջ, թե արդյոք պահպանված են եղել արդար դատաքննության պահանջները Վարդգես Գասպարիի դեմ քրեական մեղադրանքի գործով։ Մասնավորապես`
-արդյոք դիմողի դեմ մեղադրանքի գործով դատաքննությունն արդար է եղել և արդյոք կողմերի հավասարության սկզբունքը պահպանվել է դատավարության ընթացքում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պրն․ Գասպարիի դեմ մեղադրական դատավճիռը հիմնված է եղել բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա (նույն դատավարության ընթացքում ուսումնասիրված մի տեսանյութով փաստվել էր, որ դիմողի դեմ ցուցմունք տված այս երկու ոստիկանների ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանել)․
– արդյոք դիմողին հնարավորություն է ընձեռվել իր վկաներին կանչելու և հարցաքննելու դատավարության ընթացքում։
Կարծում եմ, որ փաստերի այդ շարադրանքին ծանոթանալուց հետո դժվար կլինի չհամաձայնել, որ Դատարանի վերը երկու հարցերն ուղակի հռետորական հարցադրումներ են։
Ժամանակ ունենալու դեպքում ներքևում կնշեմ նաև այն ոստիկաններին, որոնք այդ ցուցմունքները տվել են դիմողի դեմ և այն դատավորներին, որոնք այս գործը քննել են առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում։
Լրագրող ընկերներ, ձեզ հուշեմ, որ սա մի գործ է, որը մի քանի շերտով կարող է ներկայացնել, թե ինչ ասել է «արդարադատություն» մարտիմեկյան գործերով և ինչի միջով է անցել և մեր օրերում մեզ հետ հանգիստ ապրում Մարդը։ Մեր կողքին։ Ինչպես և նույն գործով դատավորները և ոստիկանները։
Հիշեցնեմ նաև, որ այս գործով անազատության մեջ գտնվելով և դրանից հետո հրապարակած իր հուշերով, Վ․ Գասպարին եղել է թերևս առաջին մարդը, որը բանտային կամ հանցաշխարհի կյանքը և դրա «կարգավորման» համար կիրառվող հանցաշխարհի գաղափարախոսությունը նկարագրել է անկախ Հայաստանի բանտերում։ Մի բան, որի մասին բոլորս ենք տեղյակ եղել, բայց առաջինն այս խորությմաբ նկարագրել է Վարդգեսը։ Եվ թե ինչպես են այս քայքայիչ և ապապետական գաղափարախոսության և բարքի կրողները խրախուսվել իշխանության կողմից՝ քաղաքական բանտարկյալների նկատմամբ հալածանքների հմուտ գործիքի վերածվելով։
«Այլևս երբեք»-ի նախապայմանը հիշել, վերհիշել և արձանագրելն է։ Այնուհետև՝ լուծման ճանապարհը գտնելը։ Բայց երբեք ոչ փարիսեցիաբար մոռանալը կամ անտեսելը»։