Գրքի տոնին ընդառաջ՝ Բլից ինֆո մամուլի ակումբը հյուրընկալել էր ՀԳՄ պոեզիայի բաժանմունքի նախագահ, ՀԳՄ վարչության և նախագահության անդամ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, թարգմանիչ, խմբագիր, բանաստեղծ, նկարիչ, հրապարակախոս Արևշատ Ավագյանին և ՀԳՄ անդամ, արձակագիր, հրատարակիչ, «Սպիկա» հրատարակչության տնօրեն Արտակ Ավագյանին:
Անդրադառնալով գրքի ու գրահրատարակության զարգացման ժամանակակից միտումներին՝ բանախոսները վստահեցնում են՝ գրքի նկատմամբ հետաքրքրության աշխուժացում արդեն իսկ առկա է: Եվ պատճառն այն է, որ անկախ ամեն ինչից գիրք կարդալը մշտապես արդիական է: Արևշատ Ավագյանի համոզված է՝ գրքի նկատմամբ վերջին շրջանի վերաբերմունքը մշակութային երկրում սխալ քաղաքականության հետևանք է.«Մեր մշակույթը քարոզելու ոչ մի քայլ չի արվում»: Մինչդեռ «Մենք կարող ենք դառնալ մշակույթ արտահանող, գիրք արտահանող երկիր և հենց դրանով նաև նյութապես հարստացնել մեր ժողովրդին… Մեր բոլոր դժգոհությունների կողքին՝ հայ ժողովրդի շնորհքը, տաղանդը, հանճարը չի պակասում: Հեղափոխության միջոցով միջազգային հսկայական հետաքրքրություն է առաջացել Հայաստանի նկատմամբ, և մենք կարող ենք այդ հետաքրքրությունը զարգացնել նաև գրքի ոլորտում»: Եվ այստեղ անելիք ունեն և պետությունը՝ համապատասխան քաղաքականություն որդեգրելով, և հրատարակչությունները:
Արտակ Ավագյանի դիտարկմամբ. «Այո, համակարգչի ի հայտ գալով՝ գրքի, գրահրատարակության ոլորտում որոշակի հետընթաց արձանագրվեց: Ոմանք նույնիսկ մտածում էին, որ գիրքը կվերանա, թերթը կվերանա: Սակայն որքան էլ զարմանալի է, ընթերցողների թիվը կամաց-կամաց մեծանում է: Ինտերնետում կարելի է գտնել ամեն ինչ ՝ամեն ինչի մասին, բայց՝ մակերեսային, ցաքուցրիվ: Իսկ գիրքը ամեն ինչ ներկայացնում է համակարգված և խորը: Ոչ մի բան չի կարող խանգարել գրքին: Գիրքն իր տեղը գտնում է»,- համոզված է գրահրատարակիչը:
Դրական գնահատելով գիրք նվիրելու օրվա խորհուրդը և նրա ավանդը, հարկ է նշել, որ այդ օրն ավելի շատ ենք հիշում գրքի մասին: Եվ, իհարկե, բոլորս էլ սիրում ենք գիրք նվեր ստանալ:
Հայկանուշ Գրիգորյան