Երեկ ադրբեջանական ԶՈՒ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈՒ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ կրակից վիրավորվել է հայ զինծառայող: Վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հովհաննիսյանը հավելել է, որ հայկական ԶՈՒ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է:
Կրակոցները շարունակվել են նաեւ այսօր առավոտյան: Տավուշի մարզի Կոթի բնակավայրի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը մեր զրույցում ասաց, որ կրակոցները եղել են առավոտյան 07:30-ի սահմաններում, մոտ 15-20 րոպե են տեւել: «Ժամանակ առ ժամանակ իրենց մոտ հիշողության կորուստ է լինում, մոռանում են, թե ում հետ գործ ունեն»:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ որեւէ վնասի մասին տեղեկություն կամ բողոք չի ստացել գյուղի բնակիչներից. «Այս պահին իրավիճակը հանգիստ է»:
Բաղանիս բնակավայրի ղեկավար Նարեկ Սահակյանն էլ ասաց, որ կրակոցները եղել են միջդիրքային հատվածում, եւ գյուղի ուղղությամբ որեւէ կրակոց չի եղել: «Հիմա ամեն ինչ նորմալ է»,- եզրափակեց նա:
Սահակյանը նշեց, որ վերջին անգամ այսպիսի ակտիվ կրակոցներ եղել են 2019-ի դեկտեմբերին: