Հայաստանում ամռանը տարեցների մրցույթ կանցկացվի, որին կմասնակցեն նաեւ Արցախում ապրողները: «Տարեցների հանրապետական խաղեր»-ը կազմակերպում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Արայիկ Հարությունյանն արդեն ստորագրել է համապատասխան հրամանը:
Հաղթող տարեցները պարգեւատրվելու են մեդալներով, դրամական մրցանակներով, իսկ ամենատարեց մասնակիցները՝ հուշանվերներով: Խաղերին կարող են մասնակցել 63-ից բարձր տարիք ունեցող թոշակառուները, բայց նրանք պարտադիր պետք է ունենան բժշկի թույլտվություն:
Մրցույթի մասնակիցների թիվը սահմանափակ է լինելու: ՀՀ յուրաքանչյուր մարզից կարող են մասնակցել ընդամենը 10 մասնակից եւ 1 ներկայացուցիչ, ընդ որում հավասար սեռային բաշխմամբ՝ 5 տղամարդ եւ 5 կին: Խաղերն անցկացվելու են 5 մարզաձեւերից` շախմատ, շաշկի, նարդի (կարճ), բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ եւ դարթս: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի մասնակցելու միայն մեկ մարզաձեւում:
Խաղերն անցկացվելու են երեք փուլով` համայնքային, մարզային եւ հանրապետական:
1-ին փուլի անցկացման պատասխանատվությունը կրում են քաղաքային եւ գյուղական համայնքները:
2-րդ փուլի կազմակերպման եւ անցկացման անմիջական պատասխանատվությունը կրում են ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարության համապատասխան վարչություններն ու բաժինները:
Եզրափակիչ փուլի անցկացման պատասխանատվությունը կրում է ԿԳՄՍՆ-ի հաստատած մրցավարական հանձնաժողովը:
1-ին փուլը համայնքներում անցկացվելու է հուլիսին: Հստակ օրերը դեռ հայտնի չեն: 2-րդ փուլը կլինի օգոստոսի 15-25-ը՝ ՀՀ մարզերում, Երեւան քաղաքում եւ Արցախի Հանրապետությունում, իսկ եզրափակիչ՝ 3-րդ հանրապետական փուլը անցկացվելու է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը, Ծաղկաձոր քաղաքում:
Խաղերի 1-ին փուլի մրցումներին առանձին մարզաձեւերից 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված տարեցները պարգեւատրվելու են համայնքապետարանների համապատասխան կարգի հավաստագրերով: 2-րդ փուլի մրցումներին առանձին մարզաձեւերից 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված տարեցները պարգեւատրվելու են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով: 3-րդ եզրափակիչ փուլի առանձին մարզաձեւերից 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված տարեցները պարգեւատրվելու են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով եւ դրամական մրցանակներով, իսկ ամենատարեց մասնակիցները կստանան հուշանվերներ:
Արդյունքներն ամփոփվելու են խաղերի ավարտից անմիջապես հետո: 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված մարզերը պարգեւատրվելու են հավաստագրերով, գավաթներով, շնորհակալագրերով: Կլինեն նաեւ անհատական դրամական մրցանակներ՝ 1-ին տեղի համար` 95 հազար դրամ, 2-րդ տեղի` 85 հազար, 3-րդ տեղ` 70 հազար:
Բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպում, գովազդային նյութերի պատրաստում, նկարահանում, տրանսպորտային ծախսեր, գրենական պիտույքներ. այս ամենը հոգալու է նախարարությունը: Խաղերի ծախսերը կիրականացվեն տարեկան պետական բյուջեով նախատեսված ծրագրի շրջանակում:
«Տարեցների հանրապետական խաղերն» անկացվում են 2017 թվականից: Նպատակն է տարեց բնակչության առողջության ամրապնդումը, առողջ ապրելակերպի ձեւավորման գործում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դերի բարձրացումը, ինչպես նաեւ առանձին տեղերում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպումը: