«Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրինությունը Շտապ օգնության ծառայությանը հրահանգում է տարեցներին «Աստղիկ» ԲԿ չտեղափոխել

Հունվարի 10-ին ծայրահեղ ծանր վիճակում «Աստղիկ» ԲԿ-ում հայտնված տարեց կինն այդպես էլ չիմացավ, որ այս հիվանդանոցում իր նմաններին բուժօգնություն չեն տրամադրում: Չեն տրամադրում մի քանի պատճառներով. տարեցները ավելորդ հոգս են, երկրորդ` կարող են մահանալ ու հիվանդանոցի պատմության էջը սևացնել, եթե ծանր վիճակում են տեղափոխել իրենց մոտ: Եվ հետո, որ ամենակարևորն է` հնարավոր է` անվճարունակ են, հետևաբար` ոչ ցանկալի պացիենտ: 

Հարազատների խոսքով՝ իրենց մայրը տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ, սակայն Շտապ օգնության ծառայությունը հրաժարվեց նրան «Աստղիկ» տեղափոխել՝ պատճառաբանելով, թե տեղ չկա: Այդուհանդերձ, հիվանդ կնոջը տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ հերթապահ սրտաբանը նրան զննելուց հետո հայտարարեց, թե հիվանդը երիկամների խնդիր ունի, և առաջարկեց դիմել այլ հիվանդանոց: Հարազատները փորձեցին կապ հաստատել «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանի հետ: Սակայն նրա հետ հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ տարեց կնոջը չեն պատրաստվում բուժօգնություն ցուցաբերել. տնօրենն ի գիտություն ընդունեց իր բժշկի՝ առանց անալիզների, մոտավոր, աչքաչափով ախտորոշումը և հիվանդատերերին «ցույց տվեց» «Գրիգոր Լուսավորիչ» և «Արմենիա» ԲԿ հիվանդանոցների տեղը: Ասատրյանն անտեսեց նաև նեֆրոլոգ հրավիրելու խնդրանքը՝ «մասնագետներ չունենք» պատճառաբանությամբ այն դեպքում, երբ «Աստղիկ» ԲԿ-ում գործում է դիալեզի մի ամբողջ բաժանմունք, և գովազդային առիթներով բազմիցս հաստատում են, որ այստեղ աշխատում է փորձառու նեֆրոլոգների հսկայական բանակ: Մի քանի ժամ տևած խառնաշփոթից հետո տարեց կնոջը տեղափոխեցին «Արմենիա» ԲԿ նեֆրոթոքային բաժանմունք, որտեղ էլ բժիշկների մեկ այլ խումբ մի քանի օր շարունակ երիկամ բուժելուց հետո վերջապես հասավ սրտի հետազոտությանը: Բայց պարզվեց, որ արդեն շատ ուշ է հիվանդին փրկելու համար:

Հիշեցնենք, որ երբ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դարձավ «Մալաթիա» ԲԿ-ի լիարժեք տերը, մամուլում հրապարակումներ եղան, թե իբր գործարար պատգամավորը պատրաստվում է հիվանդանոցի տեղում երշիկի արտադրամաս հիմնել: Այդ լուրերից «մինչև հոգու խորքը վիրավորված» բիզնեսմենն ամենուրեք «սպառնում» էր շատ շուտ հիասթափեցնել նմանատիպ լուրեր տարածողներին իր հիվանդանոցի առաջնակարգ բուժանձնակազմով ու սպասարկմամբ: Սակայն ինչպես պարզվեց, գործարարին ու իր արհեստավարժ թիմին շատ դեպքերում հետաքրքրում էր ոչ թե մարդկանց առողջությունը, այլ կոնկրետ փող բերող բաժանմունքների ստեղծումը: Դիցուք, եթե մարդը դիմում է անգամ մատի կոտրվածքը բուժելու խնդրանքով, նրան անպայման ոտքից գլուխ ԿՏ հետազոտման են ուղարկում կոտրված մատի հետ միասին: Հետազոտությունների համար քաղաքացին այստեղ աստղաբաշխական թվերի հասնող գումարներ է վճարում, մինչդեռ բուժվելու համար չկան համապատասխան բաժանմունքներ:

«Աստղիկում» հիմնականում վիրահատություններ են կատարում՝ կրկին աստղաբաշխական գումարներով: Ինչ վերաբերում է տարեց մարդկանց, ապա նրանք այս հիվանդանոցում «ցանկալի հյուրեր» չեն: Հենց Շտապ օգնության բժիշկների խոսքով՝ հիվանդանոցի տնօրինության կողմից Շտապ օգնություն ծառայությանը խստիվ հրահանգված է օգնության դիմող տարեցներին «Աստղիկ» չտեղափոխել: Իսկ եթե տարեց հիվանդին հարազատներն են հասցնում այս հիվանդանոց և բուժօգնություն խնդրում, բժիշկները վստահորեն համոզում են, որ նա իրենց հիվանդը չէ, եթե հոսպիտալացնեն էլ, միևնույն է՝ չեն կարող օգնել: Այսքանից հետո մնում է արձանագրել, որ թեպետ «Մալաթիա» հիվանդանոցը երշիկի արտադրամաս չդարձավ, սակայն խոսակցություններն այդ մասին այնքան էլ հեռու չէին իրականությունից. մարդկային կյանքը այստեղ շատ հաճախ նույնիսկ մեկ երշիկի արժեք չունի (եթե պոտենցիալ վիրահատվող չես):

Մելանյա Ծառուկյան

Հ.Գ. Մենք բազմիցս փորձեցինք կապ հաստատել Աստղիկ ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանի հետ, սակայն այդպես էլ չհաջողվեց: Ստեղծված իրավիճակի շուրջ պատրաստ ենք լսել նաև նրանց տեսակետը: