ՄԻԵԴ-ը գրանցել է Սիրանույշ Պապյանն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի գործը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է լրագրող Սիրանույշ Պապյանի գործը: Այս մասին տեղեկացրել է լրագրողի փաստաբան Դավիթ Ասատրյանը: Նա նշեց, որ նախքան ՄԻԵԴ դիմելը անցել են հայաստանյան դատական ատյաններով:

Ընդհանուր իրավասության դատարան են ներկայացրել հայցադիմում՝ «Լրագրող Սիրանույշ Պապյանն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի» գործով: Բայց դատարանը մերժել է այն: Այնուհետև բողոքարկել են Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններ։ 2018 թվականի օգոստոսին Վճռաբեկ դատարանը մերժել էր վճռաբեկ բողոքը: «Եվ մենք ստիպված դիմում ներկայացրինք ՄԻԵԴ՝ նշելով այն խախտումները, որոնք մեր պետական ատյաններում պետությունը թույլ է տվել»,- հավելեց փաստաբանը։

Նա նշեց՝ թե ինչ որոշումներ կկայացվեն ՄԻԵԴ-ում, գործը կկոմունիկացվի, թե ոչ, դեռ հայտնի չէ:

«ՄԻԵԴ-ը երկու ասպեկտ ունի, առաջինն արձանագրում է խախտված իրավունքը, երկրորդը սահմանում է այն հատուցումը, որը ՄԻԵԴ-ը ճիշտ է գտնում, թե որքան ֆինանսական հատուցում է անհրաժեշտ խախտված իրավունքները վերականգնելու արդյունքում»,- նշեց Դավիթ Ասատրյանը:

Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վիրավորել էր լրագրող Սիրանույշ Պապյանին: Լրագրողը հարց էր հնչեցրել այն մասին, որ ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում: Ի պատասխան Վլադիմիր Գասպարյանն ասել էր. «ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»:

Հավելենք, որ Սիրանույշ Պապյանը դիմել էր նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, բայց մոտ երեք տարի անց էլ հանձնաժողովը դեռ չի արձագանքել: