Իտալիայում շարունակվում է կորոնավիրուսի արագ տարածումը, ինչի հետևանքով մեկ օրում վարակով պայմանավորված մահվան դեպքերի քանակն ավելացել է 23%-ով՝ հասնելով 1016-ի:
Նշվում է, որ կորոնավիրուսով վարակման պատճառով մահացել է նաև երկրի ամենահայտնի բժիշկներից մեկը, հայտնում է Daily Mail պարբերականը:
Ռոբերտո Ստելլա անունով բժիշկը երեքշաբթի շնչառական անբավարարության խնդրով հոսպիտալացվել է Իտալիայի Կոմո քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ էլ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել:
Իտալիայի բժիշկների ազգային ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ հայտնելով բժշկի մահվան մասին և նշել, որ այս դեպքը ցույց է տալիս, որ բժիշկները վարակի դեմ պայքարում զինված չեն անձնական պաշտպանության համապատասխան սարքերով և հագուստներով:
Իտալիայում վարկման դեպքերի ընդհանուր թիվը երկրում 12 462-ից հասել է 15 113-ի, ինչը համարվում է 21.7 տոկոս աճ:
Քաղաքացիական Պաշտպանության գործակալության տվյալներով՝ հիվանդությունից բուժվել է 1258 մարդ:
Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը շարունակում է աճել և արդեն հատել է 131 621-ի շեմը, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում: