«Ժողովուրդ»․ Ովքեր են պատասխանատու առողջապահական համակարգի թերի աշխատանքի համար. կարևոր որոշումները՝ վերջին պահին

«Կորոնավիրուսով վարակված նոր` 3 անձանց մասին հայտարարությունից հետո կրկին խուճապային տրամադրություններ են Հայաստանում ճիշտ այնպես, ինչպես մարտի 1-ին, երբ հայտարարվեց վարակով առաջին հիվանդի մասին:

Ու դեռ այդ օրերից բարձրաձայնվեց պատկան մարմինների ոչ արդյունավետ աշխատանքի հարցը: Եվ որքան էլ պաշտոնական ամենաբարձր մակարդակով նրանք վստահեցնեն, թե աշխատում են արտակարգ ռեժիմով, կաշվից դուրս գալով, այնուամենայնիվ, իրավիճակը միանգամայն այլ է:

Ու հիմա պարզվում է` Իտալիայից ժամանածներից որևէ մեկը չի եղել պետության հոգածության կամ ուշադրության ներքո, նրանց ընդամենը Առողջապահական և աշխատանքի տեսչության աշխատակիցները գրանցել են իրենց մոտ և հորդորել տանից դուրս չգալ. անգամ թոքաբորբով հիվանդ քաղաքացուն չեն մեկուսացրել:

Այս տեսչությունն ընդհանրապես քննադատության ամենամեծ բեռը պիտի կրի, քանի որ գործում են մակերեսային, աշխատանքի կազմակերպման ռեսուրս ու ռազմավարություն չունեն:

Եվ ի՞նչ եղավ. պաշտոնական` տանը մնալու հորդորից հետո վարակված քաղաքացին տղայի նշանադրությունը կազմակերպեց, հյուրերի հետ շփվեց, և ողջ Էջմիածինն այսօր խուճապի մեջ է: Իհարկե, լավ կլիներ երեկվանից փակվեին նաև Էջմիածնի սահմանները, որպեսզի գոնե այդ քաղաքից վարակը չտարածվեր երկրով մեկ, բայց դեռ չի արվում դա:

Պաշտոնական մարմինները` ի դեմս ՀՀ առողջապահության նախարարի, դեռ շարունակում են պնդել, թե իրավիճակն իրենց կողմից վերահսկելի է, սակայն վարակված կինն ինքն է վատ զգացել և դիմել բժշկի: Եթե չաներ, պաշտոնական մարմիններն այդպես էլ չէին իմանա վարակակրի մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: