Նավթամթերքի գները անկում են ապրել, որը բացասական ազդեցություն է ունենալու ՌԴ տնտեսության վրա, դա բացասական ազդեցություն է ունենալու արտահանման մեր ներուժ վրա եւ ենթադրվող տրանսֆերների վրա: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց վառելիքը ենթադրաբար պետք է էժանանա եւ գյուղատնտեսական միավոր արտադրանքի ինքնարժեքի նվազում տեղի կունենա: Մեկը պրոբլեմն է, մյուսը՝ հնարավորություն: Այսինքն ապրանքներ, որոնք ինչ-որ շուկաներում մրցունակ չէին, կարող են մրցունակ դառնալ: Օրինակ մեզ համար հետաքրքրություն ներկայացնող երկրներից մեկում այս տարի 35 մլրդ դոլարի գյուղմթերքների շուկա է ի հայտ գալիս կորոնավիրուսի պատճառով»,-ասաց Վարչապետը՝ հավելելով, որ այս պահին կառավարությունը բաժանվել է երկու մասի, մի մասը զբաղվում է կորոնավիրուսի կանխարգելմամբ, մյուս մասը զբաղվում է տնտեսական խնդիրները լուծելով եւ հնարավորություններն օգտագործելով: