Հիմա կարծում եմ՝ ավելի շատ մտածելու ժամանակն է, աշխատելը՝ աշխատել, նրանք ովքեր պիտի աշխատեն, կաշխատեն, հիմա, օրինակ՝ ալկոգել արտադրող ընկերությանը մահակով էլ չես ստիպի, որ գնա տուն, բայց, երբ հնարավորությունների մասին ենք խոսում՝ դա ավելի շատ վաղվա հնարավորությունների մասին է: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե մի կողմից գործարարներին ասվում է՝ մարդկանց տուն ուղարկեք, մարդիկ թող տանից աշխատեն, եթե չգան, դուք աշխատավարձ տվեք, մյուս կողմից ասվում է՝ գործարարներ, հնարավորություններ փնտրեք՝ այս կորոնավիրուսից հետո:
«Այո՛, այդտեղ երկակի իրավիճակ կա, բայց մենք խնդիրն այսպես ենք դնում՝ ահազանգում ենք, որ մենք ունենք այսպիսի համաճարակային խնդիր, բայց ուզում ենք ասել, որ կան հնարավորություններ: Այո՛, մենք ասում ենք մի աշխատեք, բաց կլինի՞, որ սուպերմարկետները, խանութները, հիվանդանոցները, ալկոգել, սնունդ արտադրողները չաշխատեն: Այսինքն՝ անկախ այն ամեն ինչից այն տնտեսական սեգմենտը, որը ռեալ պահանջարկ ունի, միևնույնն է կաշխատի, ովքեր չունեն պահանջարկ, մենք իրենց հնարավորություն ենք տալիս մտածելու, ժամանակ ստանալու իրենց հետագայի համար»,- նշեց վարչապետը:
Նա ասաց, որ բոլոր դեպքերում կոչը քաղաքացիներին նույնն է՝ հիգիենայի կանոնները, սոցիալական հեռավորությունը պահպանելը, համբուրվելով բարևելու սովորությունից հրաժարվելը, ձեռքով բարևելուց առժամանակ հրաժարվելը: «Ընդհանրապես այս համաճարակի տարածման պատմությունը ցույց է տալիս, որ մեզնից յուրաքանչյուրի անհատական կարգապահության և կանոնների նկատմամբ հարգանքի մակարդակը դառնում է ազգային անվտանգության խնդիր»,- նշեց նա: